Անկախության հանգամանքը միանշանակ չի ընդունվում մեր հասարակության նույնիսկ ամենառացիոնալ ու ինտելեկտուալ շրջաններում։ Բայց եկեք վերլուծենք նախ պրոցեսը և հետո՝ մեր գործողությունները։
Միջազգային իրավունքով սահմանված երկու իրար հակադիր դոկտորիններից՝ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքներից, հակամարտող կողմերից յուրաքանչյուրն ընտրել է իր համար նպաստավորը։ Ընդ որում՝ երկու իրավունքների նկատմամբ ոտնձգություն կիրառելու դեպքում էլ զենքով պաշտպանվելն իրավաչափ է։ Ուրեմն՝ Ղարաբաղի հարցը միջազգային ատյանում հարուցված ունիկալ մի վարույթ է, որտեղ Ադերբեջանը մեզ մեղադրում է իր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության և օկուպացիայի համար։ Մենք պաշտպանվում ենք՝ ասելով, որ ԼՂ ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, և սանձազերծված պատերազմը ոտնձգություն է եղել դրա նկատմամբ, որից մենք պաշտպանվել ենք զենքով։ Վարույթի ավարտին պետք է լուծվի կարևոր երկու հարց՝ ի վերջո ինչ իրավունք է իրացվել, և ով է եղել միջազգային իրավունքի նկատմամբ բռնարարը (սրա հասցեականության վրա կասկածում եմ)։
Պատմական հայրենիք ազատագրելու մասին թեզը այդպիսի ատյանում ծիծաղելի է հնչում, իսկ առավել խայտառակ մանկամտություն, երբ դրան գումարում ենք «Հայաստանի երրորդ հանրապետություն» ձևակերպումը՝ անուղղակիորեն ճանաչելով ՀԽՍՀ-ն որպես մեր երկրորդ հանրապետություն, որպես մեր ազգային իղձերի պատվիրակված ներկայացուցիչ (ի դեպ, Վրաստանը սովետական տարիները համարում է իր պետության օկուպացիայի տարիներ)։ Եւ այդ ՀԽՍՀ և ԽՍՀՄ որոշումներով է ԼՂԻՄ-ը փոխանցվել Ադերբեջանին։
Այսինքն՝ մենք ընդունում ենք ՀԽՍՀ-ն և իր որոշումները իբրև մեզ համար լեգիտիմ պետություն։ Ուրեմն՝ Լենինի մասին հայհոյանքներն ու վայնասունը էստեղ չի օգնի։ Միջազգային ատյանում հայտարարել, թե Հայաստանն ազատագրել է իր պատմական հայրենիքը, կնշանակի մեզ առաջադրված «օկուպացիայի» մեղադրանքում մեզ մեղավոր ճանաչել։
Այսինքն՝ մենք ոչինչ չենք ազատագրել, մենք պաշտպանել ենք ԼՂ ժողովրդի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Իսկ ԼՂ ժողովուրդը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը և այն է՝ անկախ հանրապետություն։
Ինչ-որ, հավանաբար գործառութային խմբակներ ակտիվորեն տարածում են «միամիտ» այն գաղափարը, թե «Ղարաբաղը նույն կերպ կարող էր ինքնորոշվել ու միանալ Հայաստանին»։ Ոչ։ Ղարաբաղը Ղրիմ չէ։ Այդպիսի սցենար միջազգային ատյանում չի անցնում։ Դա մոտավորապես սովետական միլիցիայի գործելաոճն է՝ ցուցմունք կորզել մեռնելու սպառնալիքն աչքի առաջ մեկից։ Ղարաբաղի ինքնորոշումն ու Հայաստանի կազմի մեջ մտնելը երբեք, երբե՛ք չէր ճանաչվելու, ոչ մի ատյան, ոչ մի սուբյեկտ չէր ճանաչելու ակնհայտ օկուպացիայի հատկանիշներով, կեղծ ինքնորոշման հատկանիշներով այդ փաստը։ Դրան հետևելիք պատժամիջոցների թիրախում կլիներ հենց Հայաստանը, որի տակից, վստահաբար եմ ասում, դուրս չէինք գալու, որովհետև խոշորներին կաշառելու ոչինչ չունեինք։
Եվ ուրեմն՝ ի՞նչ է մեզ մնում. միանշանակ ընդունել, որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշվել է, իսկ երբ կճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, այդ ժամանակ կխոսենք միջազգային իրավունքի սուբյեկտ Արցախի՝ մեզ միանալու որոշումից։ Թեկուզ ես չեմ հավատում նման հեռանկարի, որովհետև անկախությունից հետո արդեն իսկ սուվերենիտետի հատկանիշներ դրսևորող Ղարաբաղը էլ ավելի է ձգտելու ինքնիշխանության, բայց դա էլ իր օգուտներն է ունենալու, ինչի մասին՝ հետո։
Իսկ հիմա՝ շնորհավորում եմ բոլորիս հայկական երկրորդ պետության անկախության տոնի առթիվ։