Ազատության հրապարակում կրկին մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը։ Հիշեցնենք, որ այսօր կայացած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը զուգահեռ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանրահավաք էր կազմակերպվել, որն ուղեկցվեց նաև «Նոր Հայաստանի» երդմնակալությամբ։


Հանրահավաքի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հանրահավաքին կհետևի քայլերթ, ապա Ազատության հրապարակում կհնչի երգ-երաժշտություն, իսկ ժամը 18-ին կրկին տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ կհնչեն այլ ելույթներ։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը չի ճանաչում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Վեհափառ Հայրապետին, այլ ճանաչում է ժողովրդին։ Այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցները քայլերթ կատարեցին Երևանի Կենտրոնով և փորձեցին գնալ Բաղրամյան 26, սակայն ոստիկանները խոչընդոտեցին, և նրանք վերադարձան Ազատության հրապարակ։

Այդ ընթացքում եղան նաև մի շարք ակտիվիստների բերման ենթարկման դեպքեր։

Այսօր Ազատության հրապարակում և դրան հաջորդած իրադարձություններին կարող եք հետևել այստեղ։


18.50
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանություններից պահանջեց ազատել ոստիկանության բաժանմունքում գտնվող երիտասարդ ակտիվիստներին, որոնց անվանեց քաղաքական բանտարկյալներ և ձերբակալել իրեն: «Մեր տղաներին և աղջիկներին, մարդ եք, հայ եք, հայաստանցի եք, վերցրեք ինձ, Սերժ Սարգսյան, վերցրեք ինձ կեղտոտ դատախազ Աղվան Հովսեփյան, ազգային հերոս Սեյրան Օհանյան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պահանջելով իր խոսքով՝ կեղծ երդում իրականացրած, Սերժ Սարգսյանից, «գենարալ-զորավարից ու Գորիկից» հարգել ՀՀ քաղաքացիներին և ազատել Մարիամ Սուխուդյանին ու մյուսներին:


«Մենք գնում ենք հանելու»,- գոռացին մի քանի հավաքվածներ, որին միացան նաև «հիմա, հիմա» կոչեր անողներ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ գիտի՝ շատ բան կա կուտակված:

«Կոնկրետ ա էդի»,- նկատեց տղամարդը՝ նկատի ունենալով «կուտակվածը», որին ի պատասխան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ «կոնկրետը իմ կյանքն է, ախպեր»։ 
«Զադնի դնել չկա»,- նրան իր խոսքը հիշեցրին շարքերից:

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պահանջեց ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Վեհափառ Հայրապետի հրաժարականը, ում այսօր անվանում էր Գարեգին Ներսիսյան:
«Սա սպառնալիք չի, ոչ էլ վերջնագիր: Սա ձեր քրիստոնեական վերջին խոստովանանքի իրավունքն է, խնդրում ենք Սերժ Սարգսյանին, Գարեգին Ներսիսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին խոստավանքի հնարավորությունից չզրկեք»:

Դիմելով իշխանություններին՝ նա ասաց, որ իրենց կերած-խմածը թող անուշ լինի, և նաև «Ամերիկայի, Օբամայի, Բառոզոյի, Վլադմիրիովիչի, ովքեր մեր գլխի վրա տեղ ունեն, իրենց սխալը անուշ խմած ունեն, որովհետև իրենց այդ սխալը իրենց կոկորդը՝ բողազը պիտի մնա»:
Սրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց, որ պատրաստ է վաղը առավոտյան գնալու Մոսկվա՝ հանդիպելու «պարոն Պուտինին և բերելու հաղթանակը»:


Դիմելով ժողովրդին՝ նա ասաց, որ ամեն մեկը մի խորհուրդ է տալիս, և ինքը ընդունում է այդ խորհուրդը՝ նկատի ունենալով երթը դեպի Բաղրամյան 26 և «հիմա»:
Րաֆֆի Հովհաննիսյանը այնուհետև հայտարարեց, որ հանրահավաքից հետո շարժվելու են դեպի նախագահի նստավայր:


Այժմ երթի մասնակիցները հասել են Բաղրամյան պողոտա, որտեղ հանդիպել են ոստիկանների երկու շարքից բաղկացած պատնեշին։


Ուղիղ միացումը՝ Civilnet.am-ի

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել