Հավանության է արժանացել ՀՀ գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որով նախատեսվում է նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ կարկտապաշտպան ցանցեր ներդնել: Ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար նախատեսվում է առաջարկել հակակարկտային ցանցերի ձեռքբերման և ներդրման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ: Ըստ այդմ, նախատեսվում է տրամադրել 2 տոկոսանոց վարկեր 7 տարի ժամկետով: 2018թ. նախատեսվում է հատկացնել շուրջ 700 մլն դրամ: Արդյունքում կստեղծվեն մատչելի մեխանիզմներ տարեկան շուրջ 1350 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար, հանրապետության այգիների շուրջ 2.4 տոկոսը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով, հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսավարողների մոտ գրեթե կբացառվի կարկուտի ռիսկը, կբարելավվի բերքի որակը, կավելանա տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, նախադրյալներ կստեղծվեն ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման և այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար: Ըստ հիմնավորման, յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 տոկոս: Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 տոկոս: Կարեն Կարապետյանը ծրագրի հետ կապված հանձնարարել է Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին համատեղ աշխատել և տեղական բիզնեսին տեղեկացնել այդ շուկայի մասին: «Բազմաթիվ գործարարներ կան, ովքեր այսօր կիրառում են հակակարկտային ցանցը: ՊԵԿ-ից պետք է վերցնել վիճակագրությունը, թե ինչքան ենք ներմուծում, ինչքան է շուկան լինելու: Դրանից հետո անհրաժեշտ է մաքսիմալ աջակցել, որպեսզի ներսում մենք այդ արտադրությունը կարողանանք կազմակերպել», - նշել է վարչապետը:
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում՝ հանելով «առևտրային» բառը: Ըստ հիմնավորման, ծրագրով նախատեսված «առևտրային իրավաբանական անձանց» եզրույթի դեպքում հնարավորություն չի ստեղծվում հանրապետությունում գործող շուրջ 400 սպառողական կոոպերատիվներին օգտվելու լիզինգի պետական աջակցության ծրագրից: Արդյունքում կընդլայնվի լիզինգի պետական աջակցության ծրագրից օգտվողների շրջանակը: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքներից և նշել, որ բացի գյուղտեխնիկայից, նախատեսվում է ծրագրում ներառել նաև այլ սարքավորումներ, որոնք կնպաստեն ոլորտի տեխնիկական հագեցվածության բարձրացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: