Երեք ՖԲ-ում գրել էի, թե «ոստիկանությունը ապացուցեց, որ մենք պետություն ենք» և քանի որ գրածս լայն, մասամբ անհարկի արձագանք ստացավ տարբեր շրջանակների կողմից, ցանկանում եմ առաջ քաշել հետևյալ թեզերը.

1. Պետական մարմինները իշխանական մարմիններ չեն, դրանք հավասարապես պատկանում են թե իշխանական և թե ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրությանը: Բնականաբար իշխող մարդկանց խումբը պետք է շարունակաբար հեռվացնի պետական մարմինները այլ ուժերից (ընդդիմությունից), որպեսզի վայելի պետական մարմինների լիակատար աջակցությունները քաղաքական գործընթացներում: Որքան ընդդիմությունը պետական մարմիններին տարբեր, հաճախ խիստ արդարացի պատճառներով անարգանքի սյունին գամի, այնքան կմեծանա այդ մարմինների կախվածությունը իշխող կուսակցությունից: Պետական մարմինների անկախության հարցը լուրջ խնդիր է, որի լուծման պատասխանատվությունը հավասարապես ընկած է ընդդիմության ուսերին:
2. Անցած ամառվա ցավալի դեպքերից հետո ստեղծվել էր աղմկահարույց նախադեպ, որ պատանդ վերցնողները իրենց նպատակին չհասնելու, այսինքն իրենց վատագույն սցենարով, կանգնում են դատարանի առաջ ու նույնիսկ կարող են դիմել հանրության որոշակի հատվածի աջակցությանը: Երեկ այդ նախադեպը հօդս ցնդեց, ինչը ըստ իս հետագայում կանխարգելիչ նշանակություն կունենա:
3. Վիճարկելով երեկվա դեպքի արդարացվածությունը, օրինականությունը կամ ճշտգրտությունը, ի՞նչ ուղերձ կհղենք մենք օրինապաշտ ու անվտանգության կարիք ունեցող քաղաքացիներին: Իսկ ի՞նչ ուղերձ կհղենք մենք ոստիկանությանը կամ հանցագործ տարրերին:

Հետևությունը հետևյալն է. Ցանկացած ընդդիմություն պետք է ձգտի իշխանափոխության, այլապես կվերածվի մարգինալ մարդկանց խմբի, իսկ իշխանության հասնելու համար անհրաժեշտ է «տեր» կանգնել երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում բացասական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել