Ազատ տնտեսական գոտիների պատմական զարգացման ընթացքում հաջորդաբար առաջացել են միմյանց էլ ավելի լրացնող նոր ձևեր՝ աստիճանաբար ընդլայնելով այդ գոտիների նպատակների և գործառույթների շրջանակները։ Սկզբնական շրջանում դրանք հանդես էին գալիս որպես ազատ առևտրի և ազատ մաքսային գոտիներ, որտեղ հնարավորություն էր տրվում արտահանել և ներմուծել ապրանքներ առանց մաքսատուրքերի, սակայն արտադրողներին դեռևս արտոնություններ չէին տրվում։
Վերջինս կատարվեց ԱՏԳ-ների զարգացման հաջորդ փուլում, երբ ստեղծվեցին ազատ արդյունաբերական-արտադրական գոտիները (ԱԱԳ)։ Այժմ, բացի ապրանքներից, այս գոտիներ սկսեց մուտք գործել նաև ձեռնարկատիրական կապիտալ։ Արտադրողների համար այստեղ սահմանվում են հարկային և ֆինանսական զեղչեր, արտոնություններ (եկամտահարկի, շահութահարկի և այլ հարկերի շատ ցածր մակարդակ)։ ԱԱԳ-ները լայն տարածում ստացան զարգացող աշխարհում, որտեղ այս գոտիների առաջ նպատակ էր դրվում խթանել արտահանումը և փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով: Իսկ զարգացած երկրները ստեղծում էին նման գոտիներ երկրի առավել թույլ զարգացած շրջաններում՝ հավասարակշռելու համար երկրի տարբեր հատվածների զարգացվածության մակարդակները։
1970-ական թվականներին համաշխարհային տնտեսությունում ծառայությունների ոլորտի դերի աճով պայմանավորված՝ ի հայտ եկան ազատ տեխնիկաներդրումային և ազատ սերվիսային գոտիները։ Դրանք այսօր այնքան մեծ տարածում ունեն, որ դժվար թե գտնվի մի մարդ, ով գոնե մեկ անգամ լսած չի լինի Սիլիկոնյան հովիտի կամ որևէ օֆշորային գոտու մասին։ Տեխնիկաներդրումային գոտիները տարածքներ են, որտեղ որոշ արտոնությունների պայմաններում գործում են մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ, համալսարաններ և արտադրական ընկերություններ։ Իսկ սերվիսային գոտիները մասնագիտացված են բանկային, տեղեկատվական, զբոսաշրջային, հարկային, իրավաբանական, ապահովագրական և այլ ծառայություններ մատուցելու մեջ։
Իրականում այսօր համաշխարհային տնտեսությունում ԱՏԳ-ների այս բոլոր ձևերն էլ գործում են։ Իսկ որոշ գոտիներ էլ կատարում են միանգամից բոլոր վերը նշված տեսակների գործառույթները. դրանց անվանում են համալիր ԱՏԳ-ներ։ ԱՏԳ-ների այս տեսական դասակարգումն ավելի լավ պատկերացնելու համար հետագա շարադրանքում ներկայացված են առավել հաջողված և ճանաչված գոտիների օրինակներ։
Շաննոնի ազատ գոտին հիմնադրվել է 1959 թվականին՝ որպես առաջին համաշխարհային ազատ առևտրի գոտի։ Այն գտնվում է Իռլանդիայում, զբաղեցնում է 2,43 քառ. կմ տարածք և իր մեջ ներառում է Շաննոն միջազգային օդանավակայանը։ Գոտու տարածքում գործում են ավելի քան 100 վերազգային և իռլանդական կազմակերպություններ, որտեղ աշխատում են 7 հազար և ավելի բարձր որակավորված մասնագետներ։ Իսկ տարեկան առևտրի ծավալը կազմում է 3,3 մլրդ եվրո։
Ազատ գոտու տարածքում գործում է արդյունավետ հարկային ռեժիմ, մասնավորապես՝
• 10% կորպորատիվ հարկային դրույքաչափ,
• ավելացված արժեքի բացակայություն,
• մաքսատուրքերի բացակայություն։
Շաննոնի օդանավակայանում է ստեղծվել աշխարհի առաջին Duty Free խանութը (1947 թվականին)։ Այստեղ գործում են ավելի քան 60 աշխարահռչակ բրենդների խանութներ (Chanel, Gucci, YSL, Armani, Clarins, Lancome, Benefit, Marc Jacobs և այլն)։
Ալաբուգա արդյունաբերական-արտադրական գոտին գտնվում է Թաթարստանում: Այն ամենահաջողված և մեծ ազատ տնտեսական գոտին է ողջ ՌԴ-ի տարածքում։ Գոտին իր մեջ ներառում է 2 արդյունաբերական շրջան` Synergy և A Plus։ Սրանք լայն հնարավորություններ են առաջարկում արտադրական գործունեությամբ զբաղվելու համար։ Լինելով նորաստեղծ և դեռևս ոչ ամբողղջական՝ այս ԱՏԳ-ն թվում է լայն հեռանկարներ ունի։
Միջազգային պրակտիկայում գիտատեխնիկական (տեխնիկաներդրումային) գոտիների ամենահաջողված օրինակներից է Սիլիկոնյան հովիտը (Silicon Valley)։ Տեղակայված լինելով ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում՝ հովիտը հանդիսանում է ամերիկյան այնպիսի կորպորացիաների բնօրրանը, ինչպիսին են Google Inc., Intel Corporation, Apple Inc., Facebook Inc., Adobe Systems, eBay Inc., Yahoo! Inc., Netflix Inc. և շատ այլ աշխարհահռչակ կազմակերպություններ, որոնք այսօր աշխարհին են ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ողջ հարստությունը։
Սիլիկոնյան հովտի պատմությունը սկսվում է 1951 թվականից, երբ դրա ներկայիս տարածքում գտնվող Ստանֆորդի համալսարանը որոշեց հետազոտական կենտրոն ստեղծել, որտեղ կազմակերպությունները կկարողանային կառուցել գրասենյակներ և անցկացնել հետազոտություններ՝ համագործակցելով համալսարանի հետ։ Արդեն 1970-ականներին հովտում գործում էր 42 կազմակերպություն, որոնց թվում էր Intel-ը։ 1980-ականներին, երբ Սիլիկոնյան հովտի ձեռնարկությունները տալիս էին միկրոպրոցեսորների համաշխարհային արտադրության 1/3-ը, դրանց միացան Apple Computer, National Semiconductors, Atari կազմակերպությունները։
Հարթավայրը զբաղեցնում է 4 հազար քառ. կմ տարածք, որտեղ բնակվում է 2,7 մլն մարդ։ Մեկ շնչին ընկնող անձնական եկամուտը կազմում է 83 հազար ԱՄՆ դոլար։ Աշխատավարձի միջին մակարդակը այստեղ կազմում է 105 հազար ԱՄՆ դոլար, միչդեռ նույն ցուցանիշը ողջ Կալիֆորնիայի համար 61 հազար է։
Սիլիկոնյան հովտի հաջողությունը, լինելով բազմագործոն, նախ և առաջ պայմանավորված է ազատ շուկայական հարաբերությունների, պետության խելամիտ քաղաքականության, մրցակցության և արդյունավետ համագործակցության առկայությամբ։
ԱՏԳ-ների յուրահատուկ և մեծ տարածում գտած ձև է նաև օֆշորային գոտին կամ օֆշորային ֆինանսական կենտրոնը (ՕՖԿ)։ Ամենապարզ նկարագրությամբ, այս գոտում մատուցվում են բանկային և այլ ֆինանսական ծառայություններ, որոնք հասանելի են միայն ոչ ռեզիդենտներին։ Իսկ ՕՖԿ-ներն այն ֆինանսական կենտրոններն են, որտեղ ծառայություններ մատուցվում են միայն ոչ ռեզիդենտներին։ Օֆշորային ընկերությունները դրա տարածքում գրանցված իրավաբանական անձիք են, որոնք օգտվում են ՕՖԿ-ի տրամադրած հարկային և այլ արտոնություններից։
Նշանավոր օֆշորային գոտիներ են Մեն կղզին, Քեյմենյան կղզիները, Պանաման, Ջերսին, Հոնկոնգը, Սինգապուրը, Շվեյցարիան, Բահրեյնը, Բահամյան կղզիները։ Այսպիսով՝ ազատ տնտեսական գոտիները եղել և շարունակում են մնալ թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների կարևորագույն ֆինանսական գործիքներից մեկը։
Ժիրայր Սարդարյան
Աղբյուրներ՝ այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, և այստեղ