Կուսակցությունները նման են զարդատուփի: Ոմանք շքեղ են, գրավիչ, բայց ոչ մի արժեքավոր բան չունեն իրենց մեջ: Ոմանք շատ հասարակ, բայց լի են գանձերով: Այս անգամ եկել է Հանրապետական կուսակցության «աստեղային» ժամը, և շատ շուտով մենք կհասկանանք՝ նրանք արժեքավո՞ր են, թե՞ էժանագին:
Հարգելի հանրապետականներ, ահա եկավ երկար սպասված ապրիլի 9-ը: Ձեզ արդեն ոչ մի հանգամանք չի կարող խանգարել «Ապահով Հայաստանը» կառուցելու համար: Եթե դուք մեկ օր առաջ ձեռնամուխ չլինեք ուտոպիա հիշեցնող, սակայն ձեր կողմից որպես «հանճարեղ գաղափար» ներկայացվող գործառույթի իրականացմանը, ապա ամբողջ ժողովուրդը ձեզ կարող է հանգիստ մեղադրել «ցինիկ ստախոսության մեջ»: Հետաքրքիր է` դուք ձեզ հաշվետվություն տալի՞ս եք, թե ինչ է ձեզ սպասում ապրիլի 9-ից սկսած, եթե չէ, ապա փորձեմ մոտավորապես նկարագրել այն քաղաքական զարգացումները, որոնք անմիջապես կհետևեն, եթե դուք ոչինչ չանեք: Եվ այսպես, եթե դուք անհապաղ չսկսեք իրագործել «Ապահով Հայաստան» կարգախոսը, ՀՀԿ համագումարի ժամանակ հնչեցրած դրույթները, ապա
• հենց առաջին պահից սկսած ամբողջ մամուլը կսկսի ողողվել ձեր հասցեին ուղղված հիմնավորված մեղադրանքներով, բայց դուք այս անգամ, ինչպես միշտ, «չեք կարող թքած ունենալ» այդ մեղադրանքների վրա, քանզի դուք այլևս արդարանալու շանս չունեք,
• այն քաղաքացիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով կուրորեն հավատացել են ձեզ և մի պահ կանգ առել երկրից հեռանալու ճանապարհին, անհապաղ կբռնեն արտագաղթի ճանապարհը, և դա մասսայական բնույթ կկրի,
• վերոհիշյալ արտագաղթի չափերի մեծացման արդյունքում կսկսվեն տարբեր կուսակցությունների աղաղակող միտինգները, որոնց ժամանակ բացառված չէ, որ ժողովրդի մի ստվար զանգված համախմբվելով կսկսի անհապաղ պահանջել Ազգային ժողովի լուծարում, ինչպես նաև իր խոստումները չկատարող ՀՀ նախագահի հրաժարական:
Դուք իհարկե այս տողերը կարդալով մտածում եք, որ ոչինչ էլ չի լինի, ինչպես միշտ համակերպվել են անհաջողությունների հետ, այնպես էլ այս անգամ էլ կհամակերպվեն, բայց հենց այստեղ դուք կգործեք ձեր վերջին ճակատագրական սխալը: Այո, ճակատագրական, քանզի հայ ազգն այլևս զիջելու տեղ և ժամանակ չունի:



