«ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անուններով երևանյան փողոցների անվանափոխման գործընթացն ավելի վաղ է սկսվել, սակայն ժամանակի ընթացքում կանգ է առել: Ըստ պարոն Մելքոնյանի՝ ժամանակն է՝ այդ գործընթացը հասցվի ավարտին:
Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պատճառով էր գործընթացը կանգ առել, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «1990-ականներին մի պոռթկում կար, որ սկսեցին հայկական պետականության հետ կապ չունեցող անձանց անուններով փողոցները փոխել, հանեցին Լենինի արձանը, Լենինի հրապարակը վերանվանվեց: Բայց հետո եկավ մի պահ, երբ անկախ պետականության պայմաններում մարդիկ չտեսան իրենց սպասած առաջընթացը, ուստի մարդկանց մոտ կարոտախտը դեր խաղաց, և սկսեցին միայն դրական խոսել խորհրդային ժամանակների մասին ՝ մոռանալով բացասականը, ու գործընթացը կանգ առավ»:
Մեր այն հարցին՝ արդարացվա՞ծ է «Ելք» խմբակցության առաջարկը հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անուններով երևանյան փողոցներն անվանափոխել. Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Այն փողոցները, որոնք մնացել են խորհրդային ժամանակներից, և դրանց անուններով անձինք որևէ առնչություն չունեն հայկական պետականության հետ, նրանց անունները պետք է փոխել և ավելի վաղ մեկնարկած գործընթացը հասցնել ավարտին»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: