Րաֆֆի Հովհաննիսյանը ազնիվ է, ուղղամիտ, կիրթ, հայրենասեր, սակայն դա հերիք չէ լիարժեք քաղաքական գործիչ լինելու, առավել եւս ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Այդ մասին են վկայում նաեւ նրա դյուրահավատությունը, տարօրինակ որոշումներն ու գործողությունները, հետագա քայլերը, ելույթները, հարցազրույցները...
Ինձ թվում է` Րաֆֆի Հովհաննիսյանը պատանեկան, երիտասարդ տարիներին շատ է կարդացել Սերվանտեսի «Դոն Քիշոտը», հմայվել նրա հողմաղացների դեմ տարվող «մարտարվեստով»... Անմիջապես զգացվում է նրա՝ հայկական իրականությունից կտրվածությունը եւ դրան բնորոշ ոչ ադեկվատ քայլերը, դոնքիշոտյան վարվելակերպը...
Կողքին հայտնված անձանց եւ ուժերին լսելով, հավատալով իր ընտրված լինելու միֆին՝ Րաֆֆին ճիշտ որոշում չկայացրեց: Մինչդեռ, նա պետք է ընտրության հաջորդ օրը հանդիպեր ՀՀ նախագահին, հայտարարեր կոալիցիա կազմելու, համագործակցելու, հարցերի շուրջ բանակցելու իր ցանկության մասին եւ շնորհավորեր նրան: Այս պայմաններում նա ավելի իրատեսական եւ գործնական հնարավորություն կունենար թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում կոնկրետ մասնակցություն ունենալ այն խնդիրների իրագործմանը, որոնք հիմա ծառացել են մեր հասարակության, մեր պետության առջեւ...
Պետք չէր «զադնի դնել», պետք էր ճիշտ, խելացի եւ իրատեսական որոշում կայացնել ընդամենը...



