Թե սերս անկաշառ է, թե սիրտս անքեն է ու միտքս պայծառ է՝ այսօր երեք հորդոր պիտի կարդամ – վաղը ապրիլի 9-ն է, հանգուցային օրերից մեկը մեր նորագույն պատմության:
Առաջին հորդորս ձեզ ուղղեմ, փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված հայ մարդիկ – դուք կես միլիոն չեք, դուք ավելին եք հիմա: Այդ ճակատագրական օրը, երբ հայ ժողովրդի ճորտացումը գրեթե անվերադարձ էր թվում, մի գաղտնի հրամանով դուք ձայնը տվեցիք ԱՅԴ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ… Դուք այդպես որոշեցիք: Ես՝ մեկ հատիկ հայ մարդս, ի գիտություն եմ ընդունում ձեր ընտրությունը: Ինձ իրավունք չեմ վերապահում ասելու, թե մենք Րաֆֆուց ավելի բարձրին էինք արժանի – երբ արժանի լինենք՝ Րաֆֆուց բարձրը կունենանք: Այս ժամին դուք ընտրել եք հնարավոր բարձրին - Հայաստանը և Սփյուռքը՝ մեկ դեմքի մեջ, հայկականը և քաղաքակրթականը՝ մեկ գիտակցության մեջ: Կարո՜ղ ենք ավելի բարձրը ունենալ – բայց ճանապարհը Րաֆֆու միջոցով է, նրա սխրանքով դեռ պիտի թոթափենք այս ճորտությունը: Ուրեմն՝ սիրտս ձեզ հետ է: Դեպի մեր ազատագրության Րաֆֆիական Հանգրվան:
Երկրորդ հորդորս ձեզ ուղղեմ – նրանց, որոնք իրենց մտքի ու սրտի մեջ, գուցե իրավացիորեն, պանծանում են, որ իրենք ավելի բարձր մի հորիզոն են տեսնում և ավելին են տեսնում, քան Րաֆֆին, և մեր երկիրն էլ արժանի է ավելի բարձր մի կառավարչի: Ձեզ եմ ուղղում հորդորս – հայ ազգայնական, հեթանոս, արիացի, պայծառատես ու թաքնագիտակ, հայ պահպանողական, հետն էլ՝ հեղափոխական, աշխարհաքաղաքացի, մոլորակի քաղաքացի, վեհապետների նվիրյալ, նժդեհական, միապետական - և այլք, որ ներկա աշխարհի կարգը անբարո և սպառված են տեսնում… Եվ ասում են աշխարհին – երբ մենք ու մեր գաղափարախոսությունները կանք, ո՞վ է Րաֆֆին, որ դառնա Հայության կառավարիչ… Ուրեմն լսե՛ք հորդորս, պարոնայք – այս անգամ հայ ժողովուրդը ՁԵԶ ՉԻ ԸՆՏՐԵԼ, հարգե՛ք նրա ընտրությունը: Օգնե՛ք՝ թող կատարվի ժողովրդի ԿԱՄՔԸ: Հետն էլ ձեր ուսմունքներին ու գաղափարաբանությանը կենդանի տեսք ու ոգեկան ավյուն տվեք, հասեք քաղաքական սինթեզի, որ դրանք ելնեն ասպարեզ՝ որպես ՄԵԿ ԿԵՆԴԱՆԻ ՈՒՍՄՈՒՆՔ: Ապա դրանով կանգնեք Հայության դեմ և ասեք – Րաֆֆի-կառավարիչը ավարտված է, մենք բերում են ավելի ԲԱՐՁՐ ՃԱՆԱՊԱՐՀ Հայքի համար: Չմոռանաք ՄԵԿԻՆ գտնել, որ հասկանում է ԲՈԼՈՐԻԴ լեզուն և կարող է այդ սինթեզը իրականացնել: Սա է իմ հորդորը ձեզ:
Վերջում ձեզ դառնամ, սակավաթիվներ ու արթուններ… Դուք մի գաղափարաբանություն ունեք, որ ձեր սրտի ՍԵՐՆ է: Դուք մի կրոն ունեք, որ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է: Դուք մի հավատ ունեք, որի խորանը ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ է: Դուք մի կուսակցություն ունեք, որ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է: Դուք մի ընտրատեղամաս ունեք, որ ՀԱՅՔՆ է: Դուք մի քաղաքականություն գիտեք՝ ձեր ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ: Դուք մի փորձագետ գիտեք, որ մեր ԱՐԱՐԻՉՆ է: Ապրիլի 9-ին դուք կլինեք այն միամիտ մանկան հետ, որ կոչվում է ՀԱՅ ԱԶԳ: Միասին կլինեք: Եվ ձեր սիրտը ամեն վայրկյան կասի ձեզ՝ ինչ է անելիքը: Մնացյալը հանձնեք պատմության անիմանալի ընթացքին – ձեր ՍԻՐՈ ՉԱՓՈՎ կորոշվի ձեր ստանալիքը: Մեր ստանալիքը:
Այս թուղթը գրեցի 2013 թվականի ապրիլի 8-ին…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/4150289976072?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել