Քայլում եմ: Կանանց ու տղամարդկանց երամակները սուրում են կողքովս, գիտեմ, ուշացել եմ, դրա համար էլ մեխվել եմ մարդկանց մեջ ու վախենում եմ ոտքս առաջ դնել, մեկ էլ տեսար հազարավոր ոտքերի մեջ կորցնեմ այն: Ինչքան կոշիկներ կան… զգում եմ` գլուխս պտտվում է՝ դեղին, տխուր, կապույտ, զոլավոր, խամրած, հիասթափված… հայացքս սահում է մեկից մյուսը, զգում եմ՝ դժվար դիմանամ այս պատմություններին: Գլուխդ չբարձրացնես հանկարծ, թե չէ աչքերի տխրությանը չես դիմանա: Իսկ ուրա՞խ կոշիկները: Բոլոր ուրախ կոշիկները տխուր ապագա ունեն:
Ժանգոտած դեղին կոշիկներով ոտքերը արագ սահում են փողոցի քարերի վրայով: Կոշիկները գրկել են մոմի պես բարակ ոտքերը, ինձ թվում է, եթե դիպչեն՝ կհալվեն: Սյան պես ցցվել եմ մարդկանց մեջ ու անհանգստանում եմ ոտքերի համար: Դժվար ուրիշ բան ինձ տեղից շարժի. ես այս ռիթմին դիմացողը չեմ, կընկնեմ:
Չեմ զգում ոտքերս, բայց գիտեմ՝ ոտքիս մատները սրվել են կոշիկիս մեջ: Բիբերս շարժվում են ժանգագույն կոշիկների ուղղությամբ, ներսիս կանաչի մեջ ոնց է ծորում այս ժանգը, ոնց որ հազար տարի սպասել էի: Ու այդ ժանգականաչի մեջ այնքան հուսահատություն է վխտում, գրողը տանի: Ոտքերը հասան կամարներին, մաշկի տակ ոսոկորների թեթև լարում զգացի, թեքվեցին ձախ: Եթե հասնեմ՝ ի՞նչ եմ ասելու նրան. կամաչեմ նայել կոշիկներին, հայացքս կբարձրանա, կկանգնի ծոծրակին, երևի կասեմ՝ բարև:
- Բարև,- ասաց ձայնը, ու ես վախից շրջանաձև պտտեցրի դաստակս:
Մտածում եմ՝ տեր աստված, եթե խոսեմ ոտքերից, կամաչի, կթաքցնի:
- Չե՞ն ցավում ոտքերդ,- չգիտեմ ինչու հարցրեցի:
- Մի քիչ ցավում են, շատ եմ քայլել,- տեսնեմ ոտնաթաթերը ձգում է, մեկ էլ նայում է մազերիս, ժպտում է,- գեղեցիկ մազեր ունես, մեջը քարեր չկա՞ն:
- Քարե՞ր,- կմկմալով հարցրեցի ես:
Կնոջ աչքերը իջան ծոծրակիս, հայացքս բարձրացրի, տեսնեմ՝ ժպիտը խազել է դեմքը: Կինը հայացքը իջեցրեց՝ մարգարտի պես մանր ոտքերը շարժվեցին, ամառային բլուզի տակից երևաց կրծքերի աղոտ լույսը: Ետևից նայում եմ՝ իրանը ծաղկի պես բարակ է: Ոտքերս համընթաց մարմնին գնում են: Գլուխը թեթևակի շարժեց.
- Անունս Մարիամ է:
- Ես,- նորից սկսեցի կմկմալ,- ձեր ետևից եկա, որովհետև ոնց ասեմ…
- Քեզ թվաց կմեռնեմ:
- Չէ, ինչ ես ասում, ուղղակի վախեցա նեղացնեն քեզ:
Քայլում ենք: Ճակատին սյուքի պես տատանվում են բարակ գծերը: Գալիս ու գնում են: Տեսնես ի՞նչ է մտածում:
- Իսկ ինչի՞ պետք է մեռնես:
- Ինձ դեռ Հիսուսի կենդանության օրոք ուզում էին սպանել,- Հիսուս բառի վրա ուսը թեթևակի ցնցվեց:
Մտածում եմ երևի ցնդել է:
- Մարիամ, լսած կլինեք՝ Մագդաղենացի,- շարունակեց իր ցնորքը կինը:
Գրպանից քարերի ձայն է լսվում. նայեմ՝ ձեռքը գրպանում է:
- Չեմ ցնորվել,- նորից ժպտում է Մարիամը՝ կարծես կարդացել է միտքս,- ինչքա՞ն ժամանակ է տնից դուրս չես եկել:
- Չեմ հաշվել, երկար:
- Այ տեսնում ես՝ ինչքան բան ես բաց թողել, կույսերի ու անառակների վերածնունդ է տեղի ունեցել… անառակները նորից քարկոծվում են, դե իսկ սրբացված կույսերին որոշել են կենդանության օրոք սիրել, որ չլինի… ոնց եք հայերդ ասո՞ւմ՝ գնա մեռի արի սիրեմ:
Մեկ էլ սկսեց ջղային ծիծաղել, ուսերը ոնց են ցնցվում, վախենում եմ փուլ գան, փշրվեն… վախից ամուր, ցավ պատճառելու չափ ամուր գրկել եմ Մարիամին: Ձեռքերիս մեջ թպրտում է: Քիչ-քիչ հանդրատվեց: Ձեռքերս բաց թողեցի: Միտքս՝ ջարդված ապակի, չգիտեմ՝ ինչ մտածեմ, որտեղ վերջացնեմ… վախենում եմ: Եղունգներիս մեջ արյունը կանգնել է:
Մարիամը մտել է թևս. ես ու անառակ Մագդաղինեն, այս մազերը, որ Հիսուսի ոտքերն են սրբել, դրանցից տիրոջ հոտն է գալիս: Բերանը մոտեցրել է, մազերիս մեջ խտացել է շնչառությունը, շնչում է ուղիղ ականջիս մեջ.
- Գիտե՞ս,- կամաց ասում է նա,- կույսերը հեղափոխություն են անում, ուզում են մաքրել երկիրը աղբից,հրապարակում վառելու են անառակներին:
Զգում եմ՝ միտքս չի ենթարկվում ինձ, չեմ հասկանում՝ ինչ է ասում.
- Բա էդքան փայտ որտեղի՞ց:
- Բա էդքան ծառ են սպանում:
Նորից բան չեմ հասկանում: Ու ի՞նչ կապ ունի ընդհանրապես փայտը: Ինչ-որ բառեր են սահում գլխումս՝ Մարիամ, հրապարակ, սուրբ, փայտ… տեր աստված, ես ցնորվում եմ: Սպասիր, խուճապի մի մատնվիր, ամեն ինչ հնարավոր է, օրերով տանը փակվում ես, ի՞նչ գիտես՝ դրսում ինչ է տեղի ունենում: Հետո ինչ՝ անառակներն ու կույսերը վերածնվել են, ինչ մի մեծ բան է, բայց տեսնես նո՞ւյն մարմնում: Միտքը ծնվեց ու գալարվեց գլխումս, զգում եմ՝ սևեռվել եմ, հանգիստ չի տա մինչև չհարցնեմ.
- Մարիամ, նո՞ւյն մարմնում ես վերածնվել:
Նորից սկսեց հռհռալ, դեբիլ, չես հասկանում ծիծաղը կսպանի նրան, ի՞նչ ես անիմաստ հարցեր տալիս:
Ծիծաղի միջից նետում է.
- Հա, Ման, մարմինս նույնն է, միայն թե ոնց որ ավելի բարակ է:
Իրոք որ, խեղճ բարակ Մարիամ:
- Իսկ ես քո մասին հազար անգամ գրել եմ:
- Չասես, խնդրում եմ, մի շարունակիր, ես կասեմ,- տեսնեմ` աչքերը փայլում են, չարաճճի ժպիտը խաղում է շուրթերին:
- Միայն թե նորից չսկսես…
- Չէ, չէ, խոստանում եմ, էլ չեմ հռհռա, ուրեմն,- աչքերը սև երկնքի մեջ կուլ գնացած աստղերի էին նման,- ներիր մեզ, Հիսուս, մենք չդարձանք հռիփսիմե քեզ համար, -ուզում է ծիծաղել, մեկ էլ հիշում է՝ խոսք է տվել, կուլ է տալիս փռթկոցը, և ուսերը նորից ցնցվում են, զգում եմ՝ շնչահեղձ է լինում: Խելագարվել կարելի է:
- Մարիամ, շնչիր, բացիր բերանդ,- գոռում եմ, նոր միայն բացում է:
- Լավ է՝ ասացիր, այ դմբո, թե չէ կխեղդվեի,- շնչակտուր ասում է՝ բերանը մեռնող ձկան պես բացուխուփ անելով, թվում է՝ ամպ է կուլ տալիս,- ուրեմն ամենահետաքրքիրը գիտե՞ս որն է:
- Ո՞րն է,- հարցնում եմ ու գիտեմ՝ էլ հաստատ չեմ զարմանա:
- Կույսերի հեղափոխությունը ղեկավարում է սուրբ Հռիփսիմեն:
Երկուսս ընկել ենք գետնին, հարվածում ենք կոշիկներով ու հռհռում: Կրծքիս արանքում մի բան սկսեց սեղմել, հասկացա, եթե չդադարացնեմ, կմեռնեմ:
Մեկ էլ նորից հիշեցի Մարիամի կոշիկները: Թվաց՝ այդ պահին ամենակարևորը դրանք են, ու քանի չեն վառվել, պետք է հարցնեմ.
- Կոշիկներդ ժանգագույն են ուրեմն մի ժամանակ դեղին են եղել:
- Ինչ խելացի ես,- ժպտալով ասում է Մարիամը:
- Երբ կոշիկներդ դեղին էին, երջանի՞կ էիր,- առանց ուշադրություն դարձնելու ժպիտին շարունակում եմ :
Լռում է: Ի՞նչ է տեսել խեղճը, քար քարի ետևից, տղամարդկանց ոհմակներ, որ իրար ետևեցին մխրճվեցին մեջը, մտան ներս ու թողեցին: Միակ տղամարդը, ով շոյեց գլուխը, Հիսուսն էր, ճիշտ է սկզբում Մարիամը իրեն շուն զգաց, և ուզեց շան պես թավալվել ոտքերի մոտ, լիզել մատները, ու նետված տաք հայացքի մեջ խեղդվել երջանկությունից, բայց Հիսուսը…
- Նրա կողքին ինձ մարդ էի զգում,- հանկարծ միտքս կարդաց Մարիամը:
Նորից այդ մոլորեցնող ժպիտը: Չգիտեմ՝ ինչ ասեմ, մի պահ մտածեցի՝ ինչի ինձ կրակը գցեցի, թող նեղացնեն, հետո ինչ, աշխարհում հազարավոր նեղացած մարդիկ կան:
Հերթական միտքը գրոհեց. հիշեցի մորս ձեռքը, որ պիտի շոյեր երեսս, գիտեի՝ քամի կփչի, մայրս կնայի գարնան աչքերով, թավշի պես նուրբ ճկույթը կսահի դեմքիս վրայով, ներսումս խաղաղություն կլինի: Ինքնախաբեության ևս մի անհաջող փորձ, գրողը տանի, ախր ձեռքը միշտ վառարանի պես տաք է լինում, ու սահում է վերքերիս վրայով: Տեսնես մայր ունե՞ս, Մարիամ.
- Մայրս դուրս շպրտեց,- նստել է ասֆալտին ու սնքրտում է, ուսերը նորից բարակում են, գրպանից հանեց օղու շիշը ու գլուխը քաշեց, թվաց՝ շիշը լցվեց իրար գրկած մարիամներով: Մարիամը խմեց բոլոր անառակ որդիների փոխարեն, Մարիամը աչքիս առջև նիհարեց: Աչքերի տակ խտացել էր գիշերը, քեզ հո չեն նեղացրել, Մարիամ, խեղճ Մարիամ, արի քո մայրը լինեմ: Նա հարբեցող է. ոնց գլխի չէի ընկել, այդ ջղային հռհռոցը, աչքերը, որ ուրիշ իրականություն են տեսնում, խեղճ, խեղճ Մարիամ:
Նորից այդ մոլորեցնող ժպիտը: Չգիտեմ՝ ինչ ասեմ, մի պահ մտածեցի՝ ինչի ինձ կրակը գցեցի, թող նեղացնեն, հետո ինչ, աշխարհում հազարավոր նեղացած մարդիկ կան:
Հերթական միտքը գրոհեց. հիշեցի մորս ձեռքը, որ պիտի շոյեր երեսս, գիտեի՝ քամի կփչի, մայրս կնայի գարնան աչքերով, թավշի պես նուրբ ճկույթը կսահի դեմքիս վրայով, ներսումս խաղաղություն կլինի: Ինքնախաբեության ևս մի անհաջող փորձ, գրողը տանի, ախր ձեռքը միշտ վառարանի պես տաք է լինում, ու սահում է վերքերիս վրայով: Տեսնես մայր ունե՞ս, Մարիամ.
- Մայրս դուրս շպրտեց,- նստել է ասֆալտին ու սնքրտում է, ուսերը նորից բարակում են, գրպանից հանեց օղու շիշը ու գլուխը քաշեց, թվաց՝ շիշը լցվեց իրար գրկած մարիամներով: Մարիամը խմեց բոլոր անառակ որդիների փոխարեն, Մարիամը աչքիս առջև նիհարեց: Աչքերի տակ խտացել էր գիշերը, քեզ հո չեն նեղացրել, Մարիամ, խեղճ Մարիամ, արի քո մայրը լինեմ: Նա հարբեցող է. ոնց գլխի չէի ընկել, այդ ջղային հռհռոցը, աչքերը, որ ուրիշ իրականություն են տեսնում, խեղճ, խեղճ Մարիամ:
Քայլում ենք: Մոտենում ենք հրապարակին, ավելի ամուր է բռնում թևս, զգում եմ՝ մանրիկ մատները մխրճվում են մեջս:
- Պետք է գնամ,- շշնջում է նա՝ նայելով չորս կողմը:
- Էս ի՞նչ հոտ է,- չեմ ուզում հիշել նրա խոսքերը, սիրտս արագ հարվածում է, ինքս ինձ համոզում եմ, որ սուտ է, հիվանդանում եմ, սխալ եմ լսել…
- Անառակներին են վառում,- նորից նետեց Մարիամը, ու ես հասկացա՝ փախչելու տեղ էլ չկա:
- Ո՞նց ես էդպես հանգիստ շպրտում էդ բառը,- զգում եմ կորցնում եմ ինձ, բայց ձայնս, ձայնս չպետք է բարձրացնեմ. դողում եմ,- հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ասում:
Մարիամը պատի գույն ունի: Ամեն քայլի հետ թևս գրկած ձեռքը ավելի է թացանում:
- Ես պետք է գնամ,- նորից շշնջում է նա: Խանձված մարդկանց հոտը չի թողնում՝ հանգիստ շնչեմ: Մարմնիս շնչառության մեջ կորում է Մարիամի անկանոն սրտխփոցը: Նայում եմ ներքև. գետինը թրջվել է: Մագդաղենացու մեզը ճիպոտի պես իջավ վրաս, միայն այդ պահին հասկացա՝ նրան կվառեն, կոկորդս խցանվեց, փաթաթվել ենք, ու կցկտուր շնչառությանս միջից դուրս են թռչում ընդհատված բառեր՝ վազիր, Մարիամ, քեզ չեն հասկանա, վազիր… վազիր, չգաս, գնա, հեռու, Մարիամ, հեռուուուու…
Ականջս նորից շոյում է ծանոթ ձայնը.
- Հեքիաթներ կարդացել ես, չէ՞, զգացե՞լ ես, որ թագավորների փոքր տղաները միշտ ուզում են տեսնեն՝ ինչ կա յոթ սար այն կողմ. ինձ թվում է, սըսսսսսս, կամաց, մարդու չասես, 7 սար այն կողմ Աստված կա… ես որոշել եմ անցնել էդ 7 սարը,- ձայնը համարյա չի լսվում: Հանկարծ շանթահարվածի պես մի կողմ է շպրտում ինձ, վազում է:
Վախենում եմ գոռալ, շշնջում եմ,
- Լսո՞ւմ ես, կհանդիպենք 7 սար հետո…
Մագդաղենացու ոտքերի սյուքից փշաքաղվում են կրծքերիս մազերը:
Մարդահոտից գլուխս պտտվում է, քայլում եմ հրապարակի ուղղությամբ: Ոտքիս տակ՝ խանձված կատուներ, փետուրները կիսով չափ վառված թռչուններ: Տղաներ ու աղջիկներ են անցնում՝ մրի խազեր դեմքներին: Ականջիս մեջ բառեր են ընկնում.
- Ինձ ամենաշատը էն շիկամազ լրբի հոտը դուր էկավ:
- Տեսա՞ր ոնց էին ծիծիկները վառվում:
- Բա վառվելուց առաջ մի հատ չշինեի՞նք:
Ոտքերս թրջվել են: Ես վախենում եմ քայլել, ես ամաչում չայրված կրծքերիս համար, ես չգիտեմ՝ երբ և ոնց սկսվեց այս ամենը:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://cultural.am/hy/gradaran/grakanutyun/yot-sar-ayn-koghm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել