Վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի ամիս առաջ մարզերից ներդրումային ծրագրեր ուզեց: Ի՞նչ ներդրումային ծրագրեր կան Սևանում՝ «Առավոտի» հարցին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատասխանեց, որ ներդրումային տասը ծրագիր արդեն ռեալ է: Ըստ պարոն Գուլանյանի՝ հողը լինելու է պետական սեփականություն, բայց վրայի շենք-շինությունները՝ սեփական: Բոլոր ծրագրերն էլ նախատեսված են Սևանի ափամերձ հատվածների համար:
Սևանում իրականացվող ծրագրերից մեկը, Վահե Գուլանյանի խոսքով, որը որ և ամենախոշորն ու «ամենաամբիցիոզն» է, լինելու է Գավառի ճանապարհի վրա՝ Նորաշեն համայնքի մերձակայքում: «Այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին, լինելու է զբոսաշրջային գոտի, որը 70 մլն դոլարի չափով արժեք է ունենալու: Ներդրողն արդեն կա՝ Ամերիկայի հայ է: Շատ ամերիկահայեր մասնակցելու են այս ծրագրին, բավականին լուրջ ծրագիր է»,-ասաց մեր զրուցակիցը:
Երկրորդ ծրագրի ներդրողը ֆրանսահայ է, որի նախագիծը կյանքի կկոչվի Լճաշեն համայնքի հարակից տարածքում: Գործարարն արդեն 800 հազար դոլարի ներդրում է արել, ըստ Վահե Գուլանյանի, շուտով ևս մեկ մլն դոլար և ավելի ներդրում կանի:
Երրորդը՝ Հին քաղաք նախագիծն է, որը ՊՈԱԿ-ի տնօրենի ներկայացմամբ, բավականին խոշոր ծրագիր է՝ 120 մլն դոլարի արժողությամբ:
«Սա լինելու է մասնակցային ֆոնդի պես, յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է այնտեղ հանգստի հատված ունենալ, կարող է ունենալ: Մյուսը՝ «Լավանդա Սիթիին» հարակից տարածքում է լինելու՝ առանձնատնային ավանի պես, որը, իմ կարծիքով, կսկսվի եկող տարի կամ մյուս տարի: Թերակղզին ամբողջությամբ փոխվելու է, այն բերելու ենք բարվոք տեքստի»:
Ծրագրերից մեկը նախատեսված է Ծովագյուղ համայնքի հատվածում: Պարոն Գուլանյանի խոսքով, այստեղ էլ լինելու է մեծ «Գրանդ Սաֆարի»՝ իր գրանդ պարկով:
«Այստեղ նաև հանրային լողափ է լինելու: Հին ձկնորսական քաղաք է կառուցվելու, շրջակայքում լինելու է Սաֆարի պարկ, ձիարշավարաններ և այլ ժամանցային տուրեր»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել