![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Այսօր մեկնարկում է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Որպես կանոն` նախընտրական քարոզարշավները մեզանում նոր սպասումներ, ակնկալիքներ են առաջացնում, մյուս կողմից, մարդիկ արդեն, բառի բուն իմաստով, զզվել են ընտրական պրոցեսներից, նախընտրական և հետընտրական փուլին հատուկ լարվածությունից:
Թե ինչպիսի ընթացք կունենա այս նախընտրական կամպանիան, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ չնայած բարձրագոչ հայտարարություններին, ոչ բոլոր ուժերն են այս ընտրություններին պատրաստված մոտենում: Ընտրություններին մասնակից կուսակցությունների ցուցակների համեմատական վերլուծությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ թեկնածու ուժերը, կարծես թե, այդքան էլ լավ չեն պատկերացնում քաղաքապետարանում իրենց անելիքը հնավոր հաջողության դեպքում` շատ ժամանակ խոսելով այնպիսի նախագծերի իրականացման կամ խնդրիների լուծման մասին, որոնք բացարձակապես չեն կարգավորվում քաղաքապետարանի լիազորություններով:
Մանրամասնորեն չվերլուծելով երևանցու սպասելիքներն ու պահանջները ավագանու թեկնածուներից, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մայրաքաղաքի բնակիչն ավելի լավ Երևանի կարիք ունի, իսկ դրան հասնելու համար ապագա քաղաքապետը, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ էլ լինի, պետք է ահռելի ջանքեր գործադրի, որովհետև տարիներով կուտակված խնդիրներ կան, առանց որոնց լուծման, դժվար է բավարարել շարքային երևանցու պահանջները ու խոսել լուրջ արդյունքների մասին:
Երևանը պետք է ունենա այնպիսի քաղաքապետ, ով ոչ միայն տիրապետում է քաղաքի հիմնախնդիրներին, այլև կամք, վճռականություն և անհրաժեշտ լուծումներ ունի` բավականին շատ արատավոր երևույթների դեմն առնելու և, իսկապես, Երևանը ողջ հայության մայրաքաղաք «վերածելու» համար:
Հույս ունենանք, որ նախընտրական քարոզարշավը քաղաքական ուժերը ոչ թե կկառուցեն անձնական վիրավորանքների, ինտրիգների, պոպուլիզմի, «չխրախուսվող» քարոզչական գործիքների, այլ ծրագրերի ու իրական լուծումների հիման վրա: Իսկ բանավեճերը կտեղափոխվեն ծրագրային, քաղաքակիրթ հարթություն, այլ ոչ թե «տղայական», կիսագողական ու անսթափ դատողությունների դաշտ:




