Երրորդ հանրապետության պատմության մեջ երևի թե սպասվում է ամենաաննախադեպ ձանձրալի աշունը, և ոչ մի նշան չի երևում, որ քաղաքական կյանքը կակտիվանա մոտակա ամիսներին, եթե, իհարկե, ինչ-որ ֆորս մաժորներ տեղի չունենան այդ ընթացքում։ Իշխանությունը ճգնաժամ է ապրում ու սպասողական վիճակում է, որպեսզի հասկանա, թե ինչ վերադասավորումներ են տեղի ունենալու քաղաքական դաշտում։ Ավելի ճիշտ՝ այդ ամենը կախված է բացառապես մեկ մարդուց, և այդ մարդու անունը Սերժ Սարգսյան է։ Հենց նա է գլխավոր ինտրիգի հեղինակը։ Իշխանություն, անշուշտ, ունի խնդիրներ, սակայն ինչքան էլ դրանք շատ լինեն, եթե չկան նրանց փոխզսպող ընդդիմադիրներ, այդ իշխանությունն անհանգստանալու բան չունի, քանի որ, եթե իշխանությունը փոփոխվի էլ, ապա փոխվելու են միայն դերակատարները, համակարգը դրանից չի փոխվելու։ Հետևաբար այն ամենը ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում,սպասելի ու կանխատեսելի գործընթացներ են։ Կարեն Կարապետյանն առայժմ լռում է ու գլխավորապես կենտրոնացած է վարչարարական գործունեության վրա։ Բայց ակնհայտ է, որ ինչ-որ պահի օղակը սեղմվելու է, ու նա ստիպված է լինելու քաղաքական քայլեր կատարել, ինչքան էլ որ դա իրեն հաճելի չլինի։ Ուշագրավ է, որ վարչապետն այժմ զբաղված է Հայաստան ներդրումներ բերելու գործով, ավելի ճիշտ՝ բերելու փորձ անելով։ Շնողի հէկն, իհարկե, մեկ-երկու ամիս հարվածները նրանից կհեռացնի, սակայն դա կարճաժամկետ արդյունք է։ Բոլորը հասկանում են, որ ավելին է անհրաժեշտ։ Ներդրումներից է կախված նաև Կարեն Կարապետյանի քաղաքական ապագան։ Սերժ Սարգսյանը, բնավորության համաձայն, համեբարատար կսպասի այնքան, մինչև կսպառվի վարչապետի էներգիան ու ամբողջ ռեսուրսը։ Այս ընթացքում նա էլ իր հերթին կփորձի արտաքին քաղաքական հարցերում որոշակի թվացյալ հաջողություններ արձանագրել, մասնավորապես՝ ԵՄ հետ քաղաքական նոր համաձայնագրի ստորագրում, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքներ և այլն։ Եվ սրանով նորից պարտիան կավարտվի նրա հաղթանակով, եթե, իհարկե, ներքաղաքական կյանքում կտրուկ փոփոխություններ տեղի չունենան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: