Մի քանի նկատառումներ Անաստաս Միկոյանի մասին, ով իր տրամաչափով ավելի շատ համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչ և դիվանագետ էր:
Անաստաս Հովհաննեսի Միկոյան (1895-1978), բոլշևիկյան հեղափոխական, խորհրդային պետական և քաղաքական գործիչ: Ծնվել է Լոռու Սանահին գյուղում, սովորել է Գևորգյան ճեմարանում: 1917 թ. Բաքվում էր և մասնակցում էր Բաքվում բոլշևիկյան իշխանություն հաստատելու գործին: 1918 թ. Բաքվի՝ Ստեփան Շահումյանի կողմից գլխավորվող բոլշևիկյան իշխանության մարմնի՝ կոմունայի անդամ էր: Մասնակցել է 1918 թ. մարտ ամսին Բաքվում բոլշևիկների կողմից Կովկասի թուրքերի (թաթարների)՝ մուսավաթականների ապստամբության ճնշման գործողություններին:
Հայաստանում՝ հոգևոր ճեմարանում սովորելու ժամանակ, Միկոյանը 1915 թ. միացել է կուսակցությանը և 1923 թ.-ին արդեն Կենտկոմի անդամ էր: 1926 թ.-ից զբաղեցրել է մի շարք նախարարական պաշտոններ, այդ թվում՝ եղել է արտաքին և ներքին առևտրի, ներկրումների և սննդային արդյունաբերության պատասխանատուն: 1930 թ. նշանակվել է մատակարարման ժողկոմ, 1934 թ.՝ սննդի արդյունաբերության ժողկոմ: 1930-ական թթ. սննդամթերքի արտադրության մեթոդներն ուսումնասիրելու նպատակով այցելել է ԱՄՆ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Միկոյանը հանդիսանում էր զինվորականների համար սննդամթերքի և վառելիքի գնման պատասխանատուն, Կարմիր բանակի սննդի մատակարարման համար սկսեց կիրառել զանգվածային պահածոյացման և փաթեթավորման մեթոդները, որոնց ծանոթացել էր ԱՄՆ-ում:
1935 թ. դարձել է Քաղբյուրոյի անդամ, իսկ 1937 թ.՝ ԽՍՀՄ Ժողովրդական կոմիասարների նախագահի տեղակալ: 1938-1949 թթ. նշանակվել է արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար, իսկ 1957-1964 թթ.՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ:
Պատերազմից հետո Միկոյանը կարևոր դեր է խաղացել Գերմանիայում վաղ (1945-1946 թթ.) խորհրդային ռազմատուգանքային ծրագրերի սահմանման գործում: Այդ պահից սկսած՝ նա դարձավ առանցքային անձնավորություն այն երկրների հետ բանակցություններում, որոնց հետ ԽՍՀՄ-ը փորձում էր հաստատել լավ առևտրային հարաբերություններ, և, հավանաբար, ներկայիս ղեկավարության ամենաակտիվ գործիչը:
Քաղաքացիական պատերազմից ի վեր տեղի ունեցած բոլոր խոշորագույն քաղաքական ցնցումները նա վերապրել է իր համար առանց որևէ լուրջ հետևանքների՝ հաղթող կողմին միանալու և պարտված խմբում աչքի չընկնելու հմտության շնորհիվ: Բնատուր հմայքը և հումորի մեծ զգացումը Միկոյանին դարձրել է առավել ընդունակ խորհրդային բանակցող: Իր բնավորությամբ նա շփվող էր և սիրալիր արտասահմանցիների հետ:
Հետաքրքիր են նաև հենց Միկոյանի հիշողությունները, որոնք տպագրված են նրա «Այսպես է եղել» հուշերում, մի հատված. «Բեռլինի վերաբերյալ Խրուշչովը նույնպես դրսևորեց զարմանալի թերըմբռնում, պատրաստ էր հրաժարվել Պոտսդամյան համաձայնագրերից և այդ ամենի մասին հայտնեց 1958 թ. աշնանը հանրային ելույթի ժամանակ՝ առանց նախնական քննարկման Կենտկոմի նախագահության և Նախարարների խորհրդի հետ: Դա ինքնին կուսակցական կարգապահության կոպտագույն սխալ էր: Ես անմիջապես բարձրացրի այդ հարցը և խնդրեցի ներկա գտնվող Գրոմիկոյին ԱԳՆ-ի կարծիքը հայտնել: Ես երկար խոսեցի համաձայնագրերի կարևորության մասին, թվարկեցի մեզ համար հնարավոր բացասական հետևանքները դրանցից հրաժարվելու դեպքում, պնդեցի, որ նման շտապողական որոշումներ կայացնելն անընդունելի է: Ի վերջո, առաջարկեցի մեկ շաբաթով հետաձգել քննարկումը՝ պարտավորեցնելով ԱԳՆ-ին ներկայացնել նկատառումները գրավոր տեսքով: Խրուշչովը ստիպված ընդունեց դա»:
Միկոյանը հմուտ դիվանագիտությամբ բարձրացրել է ԽՍՀՄ միջազգային հեղինակությունը, նրա անվան հետ են կապում Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման դրվագներից մեկը՝ համոզել Ֆիդել Կաստրոյին ընդունելու ստեղծված իրավիճակը: 1964-65 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, որը թողել է 70 տարին լրանալու կապակցությամբ, սակայն մինչև 1974 թ. մնացել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության անդամ, իսկ մինչև 1976 թ.՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ: