Artsakhpress.am-ը գրում է.
Օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտնում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի որոշումը, որը բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեք տարվա ազատազրկման է դատապարտել։
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտարարել է փաստաբան Էդուարդ Չերնինը։
«Այսօր դատավճիռն ուժի մեջ է մտնում։ Ընթացակարգին պետք է հետեւել։ Իսրայելի արդարադատության նախարարության դիմումը պետք է հասնի Ադրբեջանի արդարադատության նախարարություն, որից հետո ադրբեջանական կողմը կքննարկի այն»,-նշել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ Լապշինին՝ Իսրայել արտահանձնելու հետ կապված դրությունը կարող է հստակեցվել առաջիկա 7-10 օրվա ընթացքում։
«Սկզբունքորեն, Իսրայելը Լապշինի արտահանձնման ցանկություն է հայտնել։ Բայց «ցանկանում են»-ի ու կոնկրետ գործողությունների միջեւ մեծ տարբերություն գոյություն ունի։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ իրենց մոտ հստակ ընթացակարգ գոյություն ունի»,-ընդգծել է նա։
Սակայն Լապշինի փաստաբանը չի բացառել բյուրոկրատական հանգույցները։ «Լինում է՝ հարցը լուծվում է մեկ օրում, իսկ լինում է, որ հարցի լուծումը կես ամիս է տեւում։ Դե ինչպես կստացվի։ Բայց դեռ դիմում չկա, ընթացակարգը պետք է պահպանվի»,-ասել է Չերնինը։
2016 թվականի վերջին Ադրբեջանի հարցմամբ Լապշինը ձերբակալվել է Մինսկում։ Ադրբեջանը նրան «սեւ ցուցակում» է ներառել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար։ Բելառուսի դատախազությունը բավարարել է Ադրբեջանի հարցումն ու արտահանձնել Լապշինին։ Բաքվի դատարանը վերջինին երեք տարվա ազատարկման է դատապարտել։