Իշխող Հանրապետական կուսակցության անդամ, սոցիալական ծառայության նոր նշանակված պետ Հովհաննես Սահակյանը կարծում է, որ հանրությունը չի ընդվզի ու դեմ չի լինի, եթե հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապագայում զբաղեցնի նաև վարչապետի պաշտոնը։ Սակայն ամեն դեպքում Սահակյանը զերծ է մնացել անուններ թվարկելուց ու ապահովագրել է իրեն՝ ասելով, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է։ Բայց ինչքան էլ մանևրեն իշխող Հանրապետականն ու անձամբ Սերժ Սարգսյանը, ակնհայտ է, որ նա է զբաղեցնելու երկրի վարչապետի պաշտոնը գոնե մինչը 2020 թվականը։ Սահակյանը ուշագրավ հայտարարություն է արել. նա ասել է, որ երկրի վարչապետը պետք է նախևառաջ պատրաստ լինի արտաքին մարտահրավերներին։ Սա նշանակում է, որ զարգացումներ սպասվում են հենց այդ ուղղությամբ։ Ըստ էության՝ իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական ընդդիմախոսները դեմ չեն Սարգսյանի՝ վարչապետ լինելուն։ Խնդիրն ավելի շատ վերաբերում է վերջինիս ասածներին առ այն, որ չի պատրաստվում դառնալ երկրի վարչապետ, նախագահ և ԱԺ նախագահ, երբ ավարտվի իր պաշտոնավարման ժամկետը։ Սարգսյանը բազմիցս է ասել, որ մեկ մարդը երկու անգամից ավել երկիրը չպետք է կառավարի ու քաղաքական ընդդիմախոսների հետ հենց այդ կերպ էլ վարվել է՝ հեռացնելով քաղաքական թատերաբեմից։ Այս պարագայում, փաստորեն, Սարգսյանը կանգնում է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պետք է ականջալուր լինի իր իսկ խոսքերին, կա՛մ ստանձնի երկրի կառավարման դերը՝ նորից վերադասավորելով իշխանությունը, որն, ի դեպ, հեշտագույն գործերից չէ, իսկ պառլամենտական մոդելում ամեն մի ոլորտ չէ, որ լինելու է նրա վերահսկողության տակ, քանի որ ներիշխանական բախումներն ու կոնֆլիկտներն ակնհայնտ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: