Թուրքական «Հավելսան» (Havelsan) ռազմարդյունաբերական ընկերության փոխտնօրեն Մեհմեթ Աքիֆ Նաջարը հայտարարել է, որ ընկերությունը գրասենյակ է բացելու Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Գրասենյակի բացման նպատակը երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնումն է և Դոհայում ընկերության նախագծերին հետևելը:
Թուրքիան և Կատարը ռազմական ոլորտում սկսել են ակտիվորեն համագործակցել դեռևս 2014-ից, երբ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ստորագրել էին ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր, այդ թվում նաև՝ «Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ» հիմնելու համաձայնագիր։
2015-ին երկու երկրների միջև կնքվել է ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Բացի այդ՝ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել:
Անկարան ցանկանում է ամրապնդվել Ծոցի տարածաշրջանում և օգտագործել Սաուդյան Արաբիայի, Ծոցի մյուս երկրների հակասությունները և հակամարտությունը Կատարի հետ մշտական ռազմա-քաղաքական ներկայություն ապահովելով այդ երկրում։
Կատարում թուրքական ռազմակայանն այդ երկրի համար լրացուցիչ անվտանգության երաշխիքներ է ստեղծում Ծոցի մյուս միապետությունների հնարավոր ռազմական ներխուժումի (Կատարի աչքի առջև է Բահրեյնի օկուպացիան սաուդյան զորքերի կողմից)։
Թուրքիային հետաքրքրում են կատարյան ֆինանսական միջոցները, որոնք ուղղվում են թուրքական տնտեսության մեջ, ինչն էլ ևս մեկ երաշխիք է երկկողմ ռազմավարական կապերի և հեռահար նպատակների` միասին գործելու տարբեր թատերաբեմերում, այդ թվում՝ սիրիական, իրաքյան, Ծոցում և այլ տարածաշրջանում։ Անկարան հետաքրրքված է Կատարի այն «լոգիստիկայով», որը Դոհան ստեղծել է ի դեմս տարբեր զինյալ, ահաբեկչական խմբերի Մահրիբից, Մերձավոր Արևելքից մինչև Աֆղանստան։