Խորհրդային միության կայացման պայմաններում առաջին զանգվածային ճնշումները գործադրվել են հայ սպայության նկատմամբ. 1923-1928 թթ. Հայաստանից արտաքսվել է շուրջ 1430 հայ սպա:
Համատարած կոլեկտիվացման համատեքստում շատ գյուղացիներ պիտակավորվում էին որպես «կուլակներ» և արտաքսվում հայրենիքից: 1930թ. սկզբին սկսվում են կուլակաթափման զանգվածային միջոցառումները, ինչն ավելի բացասական է ազդում գյուղի վրա: Այս շրջանում բռնադատվել է գլխավորապես գյուղական վայրերում բնակվող շուրջ 5615 մարդ:
1930-ականների սկզբներին ուժեղանում է նաև իշխանությունների հակաեկեղեցական գործունեությունը, բռնադատվում է շուրջ 89 հոգևորական:
Զանգվածային բռնությունների ամենահուժկու ալիքը եղել է 1936-1937 թթ.՝ Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության առաջին քարտուղար Աղասի Խանջյանի մահից հետո: Միայն 1937թ. Հայաստանում ձերբակալվել է 5000 մարդ: Նրանց 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարություն որոշումը:
Հատկանշական մի փաստ. Հայաստանում, ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի, չկային արմատական գյուղացիություն և առավել ևս՝ տոհմային «կուլակներ» և դրանով պայմանավորված՝ կարող ենք վստահաբար փաստել, որ ընդգծված բռնաճնշումների կարիք չի էլ եղել, ուղղակի Մոսկվային հավատարիմ մի քանի ֆանատներ՝ ի դեմս Աթարբեկյանի, Նուրիջանյանի, Մուղդուսու, Այվազովի Դովլաթյանի և այլոց, այսպես կոչված «պրոլետարական դիկտատուրային» հավատարիմ, լծվեցին մտավորականության և զինվորականության զանգվածային ոչնչացմանը:
1930-ականների սկզբին ԽՍՀՄ տարածքում տեղի էին ունենում բռնարարքներ մտավորականության, պետական և հասարական գործիչների նկատմամբ, սակայն դրանցից ինչ-որ չափով զերծ էր մնում Հայաստանը, ինչը պայմանավորված էր կուսակցական վերնախավի, մասնավորապես՝ Աղասի Խանջյանի դիրքորոշմամբ, որը խիստ դրական վերաբերմունք ուներ հայ մտավորականության նկատմամբ:
1936թ. ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները սկսում են Հայաստանի ղեկավարությանը, մասնավորապես՝ Աղասի Խանջյանին և Սահակ Տեր-Գաբրիելյանին մեղադրանքներ ներկայացնել առ այն, որ վերջիններս ի վնաս ԽՍՀՄ ընդհանուր տնտեսական շահերի և ծրագրերի կառուցել են մի շարք «տեղական բնույթի տնտեսական օբյեկտներ»:
Հիմնական պատճառներից մեկը, որոնք Խանջյանին գցեցին անվստահելի մարդկանց շարքը, Մոսկվայում՝ 1931-ի հոկտեմբերի 31-ին բոլշևիկյան համկոմկուսի կենտկոմի պլենումում իր պահվածքն էր: Այդ օրը Ստալինն առաջարկեց Անդրկովկասի շրջկոմի առաջին քարտուղար ընտրել Լավրենտի Քարթվելիշվիլիին, երկրորդ քարտուղար՝ Լավրենտի Բերիային: Քարթվելիշվիլին վրդովվեց ու հայտարարեց, որ չի աշխատի «այդ խարդախի հետ»: Անդկովկասի սոցիալիստական դաշնային խորհրդային հանրապետության ժողկոմխորհի նախագահ Օրախելաշվիլին էլ ուզեց ճշտել. «Ինչ ասեցի՞ր, Կո՛բա. սխալ լսեցի՞»: Նույնիսկ Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը վճռականորեն ասաց, որ չի կարելի կանգնեցնել հանրապետական կոմկուսները այդպիսի «անսպասելի որոշման առջև»: Ստալինը չստացավ նաև Բունիաթզադեի, Դեդարիանիի, Մուսաբեկովի կամ Խանջյանի օգնությունը: Առաջնորդը ստիպված էր կատարելու կամային որոշում: Հայ բոլշևիկների պահվածքը չէին մոռացել ո՛չ Ստալինը, ո՛չ Բերիան:
1936-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպանություն է գործում Աղասի Խանջյանը, սակայն մահվան իրական հանգամանքները քողարկվում են: Դա, ըստ էության, ՀԿ/բ/Կ Անդրկովկասի երկրային կոմիտեի քարտուղար Լ. Բերիայի ձեռքի գործն էր: Խանջյանի, իսկ այնուհետ՝ Տեր-Գաբրիելյանի «ինքնասպանությունները» առիթ են հանդիսանում բռնությունների նոր ալիք սկսելու համար: Դրանց զոհերն էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Վահրամ Ալազանը, Գուրգեն Մահարին, Վաղարշակ Նորենցը, Վահան Թոթովենցը և այլք: