«Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախօրեին հարցաքննվել է սպանության մեջ մեղադրվող կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի հորաքույրը՝ Լիդա Մկրտչյանը: Նա Արմավիրի դպրոցի պատմության նախկին ուսուցչուհի է:
 
«Քննիչին ամեն ինչ ասված է, ես այլևս չեմ ցանկանում խոսել այդ մասին, որովհետև ամեն անգամ մի հարցի պատասխանելով՝ հոգեկան ծանր տրավմա եմ տանում: Այդ տղան (նկատի ունի սպանված խորհրդականին-խմբ.) նեռն էր, որ երկրի երես էր իջել, նրան սատանան էր ուղարկել այս ժողովրդի համար, ամբողջ ժողովուրդը պրծավ նրանից, ափսոս, որ էս խեղճ, տանջված աղջկան (նկատի ունի խորհրդականի կնոջը- խմբ.) բան եղավ»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պատմեց Լիդա Մկրտչյանը:
 
Տիկին Մկրտչյանից հետաքրքր­վեցինք՝ ճի՞շտ են տեղեկություն­ները, որ մարզպետի սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի հայրն էլ ժամանակին ծեծելով սպանել է մորը, իսկ քեռիները վրեժ են լուծել, ի պատասխան՝ ասաց. «Այդպես են ասում, ես դրա մեջ նույնիսկ ճշմարտություն եմ տեսնում: Ես նրա փոքր եղբո­րը դաս եմ տվել, մայրը գալիս էր ծնողական ժողովի, ես զարմանում էի՝ այնքան խեղճ, կոռեկտ ու խելոք կին էր, որ ես զարմա­նում էի՝ ինչու է այսքան քաշված: Ես կարծում եմ, որ այդ տեղեկու­թյունը ճիշտ է: Երբ նրա մայրը մահացավ, այդպես էին խոսում, որ ծեծելուց է մահացել, բայց դեպքը չհետաքննեցին, անցավ, գնաց: Բայց երբեք ծուխ չի լի­նում, եթե կրակը չկա»: Մանուկ Սիմոնյանի հորաքրոջ որդին՝ Սամվելը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Մանուկ Սի­մոնյանի հորը վերագրվող արար­քին՝ ասաց. «Չեմ տիրապետում նման տեղեկատվության, առա­ջին անգամ եմ լսում: Նրա մայ­րը մահացել է հիվանդությունից, չեմ հիշում»:
 
Լիդա Մկրտչյանի պատմելով՝ Ռազաննա Մկրտչյանը փորձել է ամուսնալուծվել Մանուկ Սիմոնյանից, բայց. «Հետո նա եկել է, խաբել է, համոզել է, տարել է: Ես չեմ կարող ասել՝ ինչից էին ամեն օր վիճում, նա շիզոֆրենիկ է եղել, առանց պատճառի էլ էր վիճում: Մեր աղջիկը ամեն ինչ թաքցրել էր մեզանից՝ ասելով, թե հայրիկի անունը չխայտառակվի, հիմա հայրիկի անունն ավելի չխայտառակվե՞ց»: ­
 
 
Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանի հայրն Արմավիրում հայտնի է, որպես վաստակաշատ բժիշկ, նրա անունով է անվանակոչված Արմավիրի բժշկական կենտրոնը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել