Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտետսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով: 
Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: «Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան, աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը, ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը գյուղատնտետսության մեջ, կիրառական խորհրդատվական համակարգի ձևավորումը, որի միջոցով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե որ տարածքում ինչ պետք է արտադրվի, և այդ համակարգի միջոցով օժանդակելու ենք նաև համապատասխան մասնագետների վերապատրաստմանը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով խորհրդատվական ծառայությունների մատուցումը գյուղատնտեսության բնագավառում: 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենի արդյունքում մենք կունենանք շահութաբեր և կայուն զարգացող գյուղատնտեսություն, որն իր հերթին, կբերի պարենային անվտանգության բարձրացմանը, ներկրվող մի շարք գյուղմթերքների տեղական արտադրությամբ փոխարինելուն, հանրապետությունից ապրանքների քանակի և տեսականու արտահանման աճի, որը հանգեցնելու է հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը: 
«Ինչպե՞ս պետք է դրան հասնենք:

- Նախադրյալներ ենք ստեղծելու ինտենսիվ նոր այգիներ հիմնելու համար, որը կբերի երաշխավորված արտադրանքի ստանալուն, ինչպես նաև փոքր, միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունների կայացմանը: Պետության կողմից այստեղ կլինի վարկի սուբսիդավորում և շահառուներին կտրամադրվեն տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր մինչև 7 տարի մարման ժամկետով,

- անցում ենք կատարելու կաթիլային նոր համակարգերի, որոնց ներդրման համար մշակվել է պետական աջակցության ծրագիր, համաձայն որի՝ հողօգտագործողներին կտրամադրվեն վարկեր՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով և 3 տարի մարման ժամկետով,

- լիզինգի պետական աջակցության ծրագրով ապահովելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն: Այստեղ հնարավորություն ենք ընձեռում օգտվել ծրագրից 20 տոկոս կանխավճար կատարելով, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույքով և 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից,

- ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև այս ոլորտում գործունեություն ծավալողների՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողների համար սահմանել ենք գազի արտոնյալ սակագին,

- մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով արդեն իսկ մեկնարկել ենք մատչելի պայմաններով` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը,

- սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները գյուղացիական տնտեսությունների համար դարձնելու ենք առավել մատչելի, իսկ սուբսիդավորման գումարներն ավելացնելու ենք՝ հնարավորություն ընձեռելով նրանց ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմն էլ սահմանելով 3-ից 10 մլն դրամ` նախկին մինչև 3 մլն-ի փոխարեն,

- գյուղատնտեսությունն ապահովագրելու ենք բնական աղետներից, ինչի համար մոտ ամիսներին Արմավիրի մարզում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որն աստիճանաբար ընդգրկելու է հանրապետության ողջ տարածքը,

- անասնապահության բնագավառում ավելացնելու ենք բարձր կաթնատվության և մսատվության տոհմային սորտերի գլխաքանակը, ապահովելու ենք նրանց բուժման խնդիրների լուծումը, ինչպես նաև սպանդանոցների միջոցով մորթի կազմակերպումը,

- նախատեսում ենք տարբեր մարզերում ստեղծել սառնարանային տնտեսություններ՝ ավելցուկ թարմ բերքը սառնարանում պահպանելու համար,

- անցնելու ենք բարձրարժեք բույսերի մշակության,

- ընդլայնելու ենք օրգանական գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ սատարելով տեղական պարարտանյութերի ու անասնակերերի տեղական օրգանական արտադրանքի ծավալների ավելացմանը,

- ապահովելու ենք գործող խորհրդատվական համակարգի արդյունավետությունը և հասցեական աշխատելու ենք գյուղացու, ֆերմերի ու առհասարակ ոլորտով հետաքրքրված ներդրողի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ,

- բարելավելու ենք օրենսդրական դաշտը», - նշել է վարչապետը: 
Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված կառավարության ընտրած ուղղությունը և գործիքակազմը ճիշտ է: «Այս ամենն իրականացնելով՝ մենք ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծելու, այլև ժամանակակից, շահութաբեր, ինդուստրիալ գյուղատնտեսություն կստեղծենք», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: 
Այնուհետև գյուղատնտեսության նախարարության առանձին ոլորտների պատասխանատուները մանրամասն անդրադարձել են սպանդանոցների կարողությունների զարգացման, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, գյուղատնտեսության հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, կարկտապաշտպան ցանցերի, գյուղատնտեսության ոլորտում կաթիլային համակարգի ներդրման, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: 
Ներկայացված ծրագրերի վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները ծրագրերի վերաբերյալ ներկայացրել են տարբեր առաջարկություններ, բարձրացրել իրենց հուզող բազմաթիվ հարցեր, որոնց տրվել են համապարփակ պատասխաններ: 
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, ֆերմերների հետ նման հանդիպումների շարունակական անցկացումը՝ նշելով, որ վերջիններս պետք է լինեն ներկայացված ծրագրերի ակտիվ մասնակիցները: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել