Գալուս առաջին երեք տարին ապրեցի Հոլիվուդում: Հայկական Հոլիվուդում, որը չնայած անվանակոչել էին Little Armenia, սակայն անհրապուր, աղտոտ ետնախորշ էր հիշեցնում այդ տարիներին (հիմա բավականին բարեկարգել են, առաջվա թմրամոլներն ու ծախու կանայք փողոցներից անհետացել են մեծամասամբ): Բնակիչներն իրենց նեղվածք կացարաններում կա՛մ նորագաղթներ էին, կա՛մ պետական նպաստներով գոյատևող գործազուրկներ (թոռից թոռ թոշակառուներ) , որոշներն էլ՝ օրավարձով ապրող չարքաշ մարդիկ, ու նաև թանթիկներով, մորաքներով և ամոներով հավաքված, սուրճը մի քանի անգամ կրակին դնել-վերցնելով օր մթնեցնող 1-ին սերնդի արտագաղթածներ (78-82 թվերի): Ինձ հատկապես զարմացնում էին 2-րդ սերնդի (88-92թթ.) եկածները, ովքեր իմ տպավորությամբ մի տեսակ շփոթված էին, սիրում էին խանութներից շատ մթերք գնել, շատ ուտել ու նաև սև շորեր հագնել, տեղի-անտեղի խնջույքներ սարքել, ալկոհոլը չարաշահել, անկապ պտտել: Իմ նորահայտ ծանոթներից մեկը մի անգամ նույնիսկ չդիմացավ, ասաց. «Եկել ենք Ամերիկա, պիտի ուտենք, բա ի՞նչ պիտի անենք»: Մինչև վերջերս դա վերագրում էի որկրամոլությանը կամ, չգիտեմ, աչքածակությանը։ Քիչ չէին հանդիպում դեպքեր, երբ տան վարձի գումարը տանում էին կազինո, տանուլ տալիս՝ ամսվա վերջին մնալով սևերես։ Նույն կատեգորիայի մարդիկ մեկ էլ կտեսնեիր՝ խանութներից ապառիկով ոսկեղեն կառնեին, տոնածառի պես կզարդարվեին և կմեկնեին Հայաստան՝ տուրիստ: Սա էլ էի բացատրում ցուցամոլությամբ կամ նման մի արատով: Ավելի ուշ (շատ տարիներ անց) հասկացա, որ այս մարդիկ պարզապես տառապում էին (և են ) հոգեկան ծանր ընկճվածությամբ, դեպրեսիայով, մասնավորապես՝ աղետալի ցածր ինքնագնահատականով: Բարդ է նորագաղթի կերպարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել