«Վերջին օրերի աննախադեպ շոգ եղանակը «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը բացատրում է գլոբալ կլիմա­յական փոփոխություններով: Ըստ նրա՝ աշխարհով մեկ այնպիսի երևույթներ են տեղի ունենում, որոնք մոլորակի բնակչու­թյանը լուրջ խնդիրների առաջ են կանգ­նեցնում:
 
Մասնագետի խոսքով՝ մոլորակի մի հատվածում հորդառատ անձրևներ են, սելավներ, ջրհեղեղներ, մեկ այլ հատվա­ծում՝ հրդեհներ, ինչի արդյունքում անտառներ ու բնակավայրեր են ոչնչանում: Մեր երկրում, մասնավորապես՝ մայրաքաղաքում արձանագրվող բարձր ջերմաս­տիճանը, Կարինե Դանիելյանի համոզմամբ, այդքան անհարմարություն չէր պատճառի մեր քաղաքացիներին, եթե խորհրդային տարիներից հետո սկսված և մինչ օրս շարունակվող անկանոն քաղաքաշինությունը չլիներ: Տիկին Դանիելյանի խոսքով՝ քաղաքը կանաչ տարածքների հաշվին այնքան է խտացել ու եր­կաթբետոնով, ասֆալտով պատվել, որ մայրաքաղաք մուտք գործած ջերմային ալիքները անգամ գիշերը չեն հեռանում, և քաղաքը չի զովանում: Բնապահպանի համոզմամբ՝ մեզ մոտ կլիմայի դեստաբիլիզացում է, որովհետև ձմռանը աննախա­դեպ ցրտեր են լինում, ամռանը՝ անսովոր շոգեր: Ըստ նրա՝ օրեր շարունակվող բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում մարդկանց առողջության վրա, ուստի Հայաստանը պետք է բարեխիղճ կատարի կլիմայի փոփոխության հետ կապված կոնվենցիայի պահանջները, որոնք վավերացրել է ի թիվս այլ կոնվեն­ցիաների: Տիկին Դանիելյանի ներկայացմամբ՝ իրավիճակը փոխելու երկու ճանապարհ կա՝ կանխարգելել, այսինքն՝ արտանետումնե­րը մթնոլորտ կրճատել և էկոհամակարգային մոտեցում ցուցաբերել, և երկրորդ՝ ադապտացնել՝ ինչքան հնարավոր է մի­ջոցներ ձեռնարկել, որպեսզի որքան հնա­րավոր է գլոբալ այդ փոփոխություններից չտուժենք:
 
Սակայն, բնապահպանի համոզմամբ, մեր երկրում ամեն ինչ հակառակն է ար­վում. «Նախ ՝ կանաչ տարածքները՝  Մոնումենտից մինչև Սարի թաղ, այդ ամ­բողջ անտառները հենց ստեղծված էին երկու նպատակով՝ կենտրոնը ապահովել մաքուր օդով և այդտեղ պահպանել միկրոկլիման և երկրորդ՝ որպեսզի  այդտեղ սողանքներ և սելավներ չլինեն:
 
Տիկին Դանիելյանի պատմելով՝ երբ ու­սանողների հետ փորձել են նշյալ հատ­վածի անտառը վերականգնել՝ ծառեր են տնկել, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այդ տարածքում մինի հր­դեհներ է կազմակերպել՝ պատճառաբանելով, որ նախազգուշական հրդեհներից խուսափելու համար է:
 
«Մենք ուսանողների հետ գնում էինք, օգնում էինք, որ այդ անտառը վերականգն­վի, հետո տեսանք՝ ուսանողների աշխա­տանքը դրել վառում են, հարցնում եմ՝ ի՞նչն է խնդիրը, ասում են՝ նախազգուշ­ական հրդեհ է: Այսպես կոչված, «նախազ­գուշական» հրդեհներ որևէ քաղաքում չեն արվում, միայն անտառներում են արվում, բաց տարածքներում, որտեղ մարդու վե­րահսկողությունը դժվար է, բայց քաղաք­ներում չեն արվում: Հետո էլ կառավարությունը դա բաժանեց օլիգարխներին, որ կառուցեն իրենց վիլլաները: Այդ տարածքները, որ պետք է մեղմեին մեր մայրաքաղաքում միկրոկլիման, հիմա հակառակ դեր են կատարում, այդտեղ չինական պատեր են բարձրացել»,- ասում է Կարինե Դանիելյանը»,-գրում է թերթը:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել