«Եթե մենք մտնենք զենքի գնման մրցավազքի մեջ, դժվար թե կարողանանք ադրբեջանական նավթին հաղթել, ուստի սեփական ռազմարդյունաբերությունն ու տնտեսությունն է պետք զարգացնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա համոզված է. «Գիտական մրցավազքի մեջ պետք է լինենք, այդ մրցավազքում կարող ենք և պիտի հաղթենք: Այդ դեպքում կարող ենք Արցախի խնդիրը լուծել ի շահ Հայաստանի: Այլապես ստիպված ենք լինելու փոխզիջումների գնալ, ինչն ընդունելի չէ մեր հասարակության համար»:
Պատգամավորի բնորոշմամբ՝ որոշակի տարածքների վերադարձի մասին խոսելիս առաջնահերթ պետք է Արցախի ժողովրդի անվտանգության հարցը դնել. «Մենք ունենք բացարձակ հայաթափված Նախիջևան: Այս պարագայում պետք է հստակեցնենք, թե ում հետ գործ ունենք: Փոխզիջման պարագայում վտանգում ենք Արցախի ժողովրդի կյանքը: Հետո թուլացնում ենք եղած հիմքերը, չէ որ Արցախն ազատագրել ենք որպես պատմական հայկական հող՝ հայ բնակչությամբ և վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատակով: Արցախը չի սահմանափակվում ԼՂԻՄ սահմաններով»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նկատում է՝ անհրաժեշտ է, որպեսզի հայկական երկրորդ հանրապետության ղեկավարները հանդես գան որպես բանակցային սեղանի կողմ. «Հայաստանյան դիվանագիտությունը կշահի, եթե թեկուզ ուշացմամբ, բայց ճանաչի Արցախը՝ Սահմանադրությամբ և սահմաններով»: Քաղաքական գործիչը շեշտում է, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների քաղաքականությունն ակտիվ է. «Համանախագահներից հասցեական հայտարարություններ պահանջելը բավարար չէ: Ռազմական և դիվանագիտական առումներով այնքան համախմբված պետք է լինենք, որ համանախագահներից որևէ բան խնդրելու կարիք չունենանք: Խնդրանքը խոսում է դիվանագիտական բացի մասին»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել