Իրանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, որը կայացել է Թեհրանում Հասան Ռոհանիի երդմնակալության արարողության ժամանակ, մեծ ինֆորմացիա իր մեջ չի պարունակում, թեպետ, դատելով Իրանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից, այն անցել է բավականին ջերմ մթնոլորտում։ Իրանական գազը Եվրոպա արտահանելու գործում Հայաստանն, իհարկե, կարող է մեծ դեր խաղալ, բայց ակնհայտ է, որ այս հանդիպման ընթացքում այդպիսի հարց դժվար քննարկվեր։ Այն հիմնականում երևի թե կրել է արարողակարգային բնույթ ու շեշտը դրվել ԼՂՀ հարցի կարգավորման վրա ու դրա լուծման խաղաղ մեթոդաբանության վրա։ Իրանի նախագահն ընդգծել է, որ հետայսու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու մասնավորապես զինված հակամարտությունների վերսկսմանն ուղղված քայլերին Իրանն ավելի կոշտ է արձագանքելու։ Սա թերևս կարելի է համարել հանդիպման մեխ։ Փաստացի, Ռոհանին ակնարկում է, որ տարածաշրջանում կան երկրներ, որոնք ամեն կերպ ձգտում են ապակայնություն բերել Հարավային Կովկասին։ Իրանը, ինչպես գիտենք, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի հետ մեկտեղ հանդիսանում է այն երեք պետություններից մեկը, ովքեր հայտնվել են ԱՄՆ նոր սանկցիաների տակ, ուստի Ռոհանին նախևառաջ նկատի ունի ամերիկյան միջամտությունն այս տարածաշրջանի կոնֆլիկտներին։ Սակայն մենք պետք է նաև արձանագրենք, որ ամենամեծ ներգրավվածությունն, օրինակ, հենց ԼՂՀ հիմնահարցում ունի ոչ թե ԱՄՆ-ն, այլ Ռուսաստանը, որը զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Այնպես որ, այս պարագայում ասել, թե Ռոհանին տեղյակ չէ սրանից, սխալ կլինի։ Հասկանո՞ւմ է նա Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, թե՞ ոչ․ կարծում ենք՝ հասկանում է։ Եվ ուրեմն՝ ուղղվա՞ծ էր այս հայտարարությունը ընդդեմ Ռուսաստանի, թե՞ ոչ, այ սա արդեն քաղաքագիտական շրջանակների քննարկման թեմա է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: