Տեսե՞լ եք ինքնասիրահարված, փետուրները, կատարը ցցած, գլուխն աջ ու ձախ տանող, ինքն իր գոյությունից զարմացած հնդուհավերին։ Դա Թրամփն է՝ ձևական, ցուցամոլ, ինքնավստահ, անկանխատեսելի ու անսպասելի…Տաղանդավոր խաղացող ու դերասան, բայց իր երկրի շահերի համար պայքարող։ Նաև շատ համառ և խորամանկ։ Եվ ահա, օրերս Թրամփը «ստիպված» հաստատեց ՌԴ-ի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ հայտնի պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած օրենքը:
Այդ փաստաթղթի ընդունումն, անշուշտ, կազդի նաև Եվրոպայի երկրների՝ հատկապես Գերմանիայի, տնտեսության և հարաբերությունների վրա: Դա փաստափուղթ է հեռահար, երկարաժամկետ և բազմաթիրախային՝ լի անակնկալներով և «ականներով»:
Իհարկե, բնականաբար, Հայաստանի համար նույնպես բազմակի վատ է, որովհետև այդ ցուցակում են մեզ բարեկամ երկու երկրները՝ Ռուսաստանը և Իրանը, ուստի մենք ևս կանգնած ենք բարդագույն խնդիրների առաջ…
Ինչևէ, իմ կարծիքով ռուսներն իրենց պատեպատ չպետք է տան ու չպետք է պատասխան քայլեր կատարեն: Այլ ուղղակի ապրեն, ուրախանան, վերջապես սկսեն աշխատել։ Սուպերզենքերի, տանկերի հետ համատեղ պետք է սկսեն լավ մեքենաներ և տեխնիկա արտադրել, արհամարհել ամերիկացիներին և ցույց չտալ, որ ազդված են ու նեղացած կամ առավել ևս՝ կատաղած…
Եվ գրեթե բոլոր հեռուստաալիքները ողողած այն քաղաքական թոքշոուների ամենօրյա ցունամիներին՝ խեղկատակ Ժիրինովսկու նմանների մասնակցությամբ, պետք է վերջ տան: Հակադարձ քայլերը և այդ նեղացածության պոռթկումներն ու քննարկումները և միայն խորհրդային ոճի, մակարդակի ագիտպրոպագանդան հակառակ էֆեկտն են տալիս…
Դա նման է ճահճում խեղդվողի շարժումներին, երբ ինչքան շատ ես շարժվում, թփրտում, այնքան արագ ես ընկղմվում… Փայտ, ծառի ճյուղ, երկար ձող, ամուր խոտ է պետք՝ բռնել ու դուրս գալ… Թեկուզ սեփական մազերից քաշել ու դուրս գալ…
Կարգուկանոն է պետք վերջապես այդ երկրին, օրենքները հարգել ու զարգանալ։ Ախր ամեն ինչ ունեն՝ և՛ հանածոներ, և՛ բարեբեր հողեր, և՛ աշխատուժ, և՛ գիտնականներ։ Ուղղակի կոռուպցիան, կաշառակերությունը, չինովնիկների բեսպրեդելը, անկազմակերպ իրավիճակը, կագուկանոնի բացակայությունը և անօրինականությունների հիթ-շքերթը խեղդել են այդ երկիրը: ԱՄՆ-ի դիվանագետների հետ միասին պետք է Արկտիկա արտաքսեին նաև իրենց լկտի, գերկոռումպացված պաշտոնյաներին և օրենքները մշտապես շրջանցող օլիգարխներին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել