Սասնա Ծռերի և Հիմնադիր Խորհրդարանի անդամները երկու օր առաջ հրապարակել էին իրենց ճանապարհային քարտեզը, որում անդրադարձ կար ինչպես Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին, այնպես էլ ՀՀ անվտանգության հիմնախնդիրներին։ Ծրագրում նշվում է․ «Անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի պաշտպանությունը հատված առ հատված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի փոխարեն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի իրավասության տակ առնելը և ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ստորաբաժանումները մաս առ մաս Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բերելը՝ այդ գործընթացի համար սահմանելով վեց ամիս նախնական ժամկետ»:
Ըստ էության՝ Ծռերի պատկերացմամբ ՀՀ-ն ինքնուրույն կարող է պահել, և՛ Իրանի, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ սահամնները։ Սասնա Ծռերի ճանապարհային քարտեզը, որպես այդպիսին պարունակում է մի շարք խնդրահարույց և ռիսկային կետեր և ծրագրում չի ներկայացվում այդ ռիսկերը նվազեցնելու գործիքակազմերն ու մեխանիզմները։ Սասնա Ծռերի ճանապարհային քարտեզում դրվում է նաև ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու խնդիրը։ Այս պահին միջազգային ռազմական այլ կառույցների հետ համագործակցությունն իրատեսական չէ և փաստացի ՀԱՊԿ-ը չունի այլընտրանք։ Այնուամենայնիվ հարցական է մնում, թե ո՞ր միջազգային կառույցի հետ համագործակցության շնորհիվ է Հայաստանը կարողանալու գեներացնել լրացուցիչ ռազմական ռեսուրսներ՝ հնարավոր վտանգներից խուսափելու և 3 պետության հետ սահման պահելու համար։ Ծրագրում այս մասը բաց է մնում։
Ենթադրենք՝ բոլորին Հայաստանը «կարմիր քարտ» է ցույց տալիս ու սահմանների ամրության խնդիրը 100 տոկոսով վերցնում է իր վրա։ Ճիշտ է Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը մեր զինովրենրն են, բայց ակնհայտ է, որ Հայաստանն այս պահին չունի բավարար միջոցներ ինքնուրույն բոլոր ռիսկերը չեզոքացնելու համար։ Ծրագրում չի հստակեցվում, թե միայնակ գործելու դեպքում Հայաստանն ինչպես պետք է ներգրավվի անհրաժեշտ մարդկային և ռազմական ռեսուրսներ 3 ֆրոնտում սահման պահելու համար։ Սա այն պարագայում, երբ հարևան պետություններից մեկի հետ ՀՀ-ն փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում, իսկ մյուսի դեպքում՝ իրադրության թեժացման ռիսկը մեծ է։