«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. ««Ձեռքիցդ եկածը» չանելը և միայն օդի մեջ բողոքելը գալիս է մեր հասարակական՝ մտքի «թարս» տրամաբանությունից: Ըստ այդմ, թիվ մեկ խնդիրն է ունենալ լավ համակարգ (և այդ հարցը, շատերի կարծիքով, լուծվում է «լավ» նախագահ, «լավ» վարչապետ, «լավ» նախարարներ և պատգամավորներ ինչ-որ մի անհայտ տեղից «պեղելով»), իսկ երկրորդ խնդիրն է՝ որ քաղաքացիներն այդ համակարգում իրենց դրսևորեն որպես քաղաքացի, ոչ թե որպես լյումպենացված զանգված: Այս՝ Հայաստանում տարածված տրամաբանության շրջանակներում երկրորդ խնդիրը պայմանավորված է առաջինով: Եթե փոքր-ինչ պարզեցնենք, ապա սխեման հետևյալն է՝ տվեք ինձ նորմալ համակարգ, և ես ինձ մարդավարի կպահեմ, չեմ գողանա, չեմ սպանի, քաղաքը և երկիրը չեմ աղտոտի և բոլոր տեսակի դատապարտելի արարքները չեմ արդարացնի:
Այդ տրամաբանությունն, ինձ թվում է, սխալ է, եթե թույլ տրվի ասել՝ դիալեկտիկական չի: Որովհետև համակարգը ստեղծվում է ամեն մեկիս վարքով և գնահատականով: Դատարկ շիշը փողոցում չես շպրտում, շպրտածը բարձրացնում ես, շպրտողին «ռեժիմի արատներով» չես արդարացնում, փողոցն, ի վերջո, մաքրվում է աղբից: Ոչ մեկին չես վիրավորում, վիրավորանքները, ում հասցեին էլ լինեն, ջնջում ես քո էջից՝ քո էջում տեղ են գտնում միայն կոռեկտ արտահայտություններ:
Դատապարտում ես ցանկացած բռնություն և բռնության ցանկացած կոչ, և ոչ թե ամեն մի հանցագործության առիթով ասում ես՝ «դե, մարդկանց հասցրել են, այլ ելք չէին տեսնում», և բռնության մակարդակն իջնում է: Կաշառք չես վերցնում և չես ասում՝ «դե ինչ արած, մարդն ընտանիք է պահում», և կոռուպցիան նվազում է:
«Աղբաստեղծ» համակարգերը գոյություն ունեն հասարակության մեծամասնության ջանքերով և խրախուսմամբ: «Աղբից մաքուր» համակարգերը ստեղծվում են հասարակության մեծամասնության կամքով և պայքարով: Խաղաղ պայքարով, բնականաբար: Որովհետև զինված պայքարը, իմ կարծիքով, ամենա-«աղբաստեղծն» է: Մանավանդ, երբ հաջողության է հասնում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել