«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նախօրեին այցելել է Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի կնոջը, որը մեղադրվում է ամուսնուն քնած ժամանակ կացնահարելու համար:
Խմբի ղեկավար Արայիկ Զալյանը «Առավոտ» օրաթերթին պատմեց, որ այցելության նպատակն է եղել պարզել՝ արդյոք ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը խնդիրներ ունի՞ քրեակատարողական հիմնարկում պահման պայմանների հետ կապված, թե՞ ոչ:
Պարոն Զալյանի խոսքով՝ դիտորդական խումբն արձանագրել է՝ սպանված խորհրդականի կինը առողջական խնդիրներ ունի, հուզական ծանր վիճակում է, մարմնի վրա կան բռնության հետքեր: Թե ինչ առողջական խնդիրներ ունի քրեակատարողական հիմնարկում գտնվող կինը, պարոն Զալյանը չցանկացավ ասել՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում:
Մեր հարցին՝ կնոջ վրա ի՞նչ բռնության հետքեր կային, պարոն Զալյանը կրկին չմանրամասնեց: Թեև նա խոստացավ ավելի ուշ որոշակի մանրամասներ հաղորդել այցելությունից կատարած իր գրառումները աչքի անցկացնելուց հետո, բայց հեռախոսն անջատեց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Aravot.am»-ը տեղեկացրել էր, որ սպանության մեջ մեղադրվող տիկինը բժշկական կրթություն ունի, բայց չէր աշխատում: Նա վաստակաշատ բժիշկ Արամ Մկրտչյանի դուստրն է: Մկրտչյանի անունով է անվանակոչվել Արմավիր բժշկական կենտրոնը:
«Առավոտ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սպանված մարզպետի կնոջ եղբայրն էլ է հայտնի բժիշկ, նա աշխատում է Արմավիր բժշկական կենտրոնում: Ի դեպ, նա մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց դեպքի մասին խոսել՝ խնդրելով իրեն հանգիստ թողնել, թողնել, որ ինքն իր գործն անի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել