Լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության և «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղավորման՝ «Ջաբհաթ ալ-Նուսրայի»(ՋՆ, ներկայում՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ») միջև Լիբանանի հյուսիսարևելյան՝ Սիրիային սահմանակից Արսալ շրջանում արդեն մի քանի ամիս շարունակվող հակամարտությունը, կարծես, ավարտին է մոտենում. ՋՆ-ն շուրջ 6 տարի անց լքում է իր համար ռազմավարական մեծ կարևորություն ունեցող շրջանը:

Հատկապես վերջին օրերին տեղի ունեցած արյունալի բախումների արդյունքում, որոնց ընթացքում ՋՆ-ի մարդկային կորուստներն անհամեմատելիորեն ավելի մեծաթիվ էին, կողմերի միջև կայացավ փոխհամաձայնություն, համաձայն որի՝ ահաբեկչական խմբավորման անդամներն իրենց ընտանիքներով լքելու են Արսալը՝ տեղափոխվելով Սիրիայի Իդլիբ նահանգ, որն արդեն գրեթե ամբողջովին վերահսկվում է ՋՆ-ի կողմից: Զուգահեռաբար, պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև գերիների փոխանակման հարցում, ըստ որի՝ ՋՆ-ի ամեն խմբի՝ Արսալից դուրս գալու դիմաց գերությունից ազատվելու է «Հիզբալլահի» 1 զինյալ:

Ըստ այդմ՝ որոշ տեղեկությունների համաձայն՝ 116 ավտոբուսներով և «Կարմիր մահիկի» ավտոշարասյան 17 ավտոմեքենաներով Արսալից Սիրիա է տեղափոխվում մոտ 7777 ծայրահեղական, նրանց ընտանիքի անդամներ և գաղափարակիցներ:

Փաստորեն, ինչպես և սպասվում էր, «Հիզբալլահը» լրջագույնս ամրապնդում է սեփական դիրքերը նաև Լիբանանի սահմանակից շրջաններում՝ նման կերպ նախ ապահովելով մերձավորարևելյան այս երկրի սահմանների անվտանգությունը տարաբնույթ ծայրահեղական տարրերի ներթափանցումից, մյուս կողմից էլ առավել էական սպառնալիք ստեղծելով Լիբանանի արդեն հարավային հարևանի՝ Իսրայելի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել