Araratnews.am-ը գրում է.
Հուլիսի 29-ին և օգոստոսի 1-ին Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած երկու պայմանագրային զինծառայողների առողջական վիճակն այս պահին բավարար է: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողներից 41-ամյա Արթուր Մայրանյանը, ով վիրավորվել էր հուլիսի 29-ին, առաջին բուժօգնությունը ստացել էր Բերդի հիվանդանոցում և վիրահատվել, իսկ օգոստոսի 1-ին վիրավորում ստացած Արմեն Նազլուխանյանին դիմածնոտային միջամտություն է կատարվել:
Ինչ վերաբերում է նոր վիրահատությունների անհրաժեշտությանը, Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս պահին չի կարող ասել, ընթացքը ցույց կտա:
Հիշեցնենք, որ երկու պայմանագրային զինծառայողներն էլ հրազենային վիրավորումներ են ստացել ադրբեջանական զինուժի կրակոցից. Արթուր Մայրանյանը վիրավորվել էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում, իսկ Արմեն Նազլուխանյանը` Իջևանում: