Վերջին ժամանակահատվածում երկրում միակ քաղաքական օրակարգն ու դիսկուսիայի թեման Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի անելիքների մասին է։ Դրա մասին կարծես թե բոլորը խոսում են՝ բացառությամբ հենց իրեն՝ Սարգսյանի։ Այդ հարցը տվեց նաև լրագրող Սաթիկ Սեյրանյանը իր հեղինակային «Ռեվոլուցիա» հաղորդման ժամանակ հենց նախագահին։ Սակայն նա հայտարարեց, որ դա այնքան էլ կարևոր չէ, ու դրանով հարցը փակվեց։ Այսինքն՝ այսօր հասարակության մեջ քննարկվող թիվ մեկ թեման, այն է՝ Սարգսյանի հետագա քայլերը, հենց նախագահի համար այնքան էլ կարևոր չի թվում։ Ընթերցողի համար սա գուցե ոչ այնքան արտառոց թվա, սակայն սրա տակ առնվազն մի քանի տողատակ կա, որի մասին կուզեինք խոսել։
Իրականում հենց սույն մոտեցմամբ է այսքան ժամանակ երկիրը ղեկավարել Սարգսյանը`բոլորին պահելով անորոշության մեջ մինչև վերջին պահը։ Հետագայում արդեն, երբ իր համար պարզ է լինում օպոնենտների մտահղացումը, այն ժամանակ էլ սկսում է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այսինքն՝ սպասեցնել, թուլացնել, բթացնել քաղաքական դաշտի խաղացողներին, այդ թվում՝ ոչ միայն ընդդիմադիր, այլև սեփական կուսակցության ներկայացուցիչներին։ Վերջիններս արդեն սովորել են սրան, սակայն դրան պիտի սովորի նաև հասարակությունը, իսկ դա իշխանությունների համար կարող է շատ թանկ նստել: