Araratnews.am-ը գրում է.
Հանրապետությունում այս տարվա 7 ամսվա ընթացքում արձանագրվել է սնկից թունավորման 20 դեպք` 29 տուժածով: Բարեբախտաբար, թունավորվածների շրջանում մահվան ելք չի գրանցվել: Դեպքերից 10-ն արձանագրվել է Լոռու, 2-ը՝ Արարատի, 3-ը՝ Կոտայքի մարզերում, 5-ը՝ Երևանում:
Նշենք, որ բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սունկն է:
Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խորհուրդ է տալիս`
- չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
- չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
- սննդում չօգտագործել հում սունկ
- սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
- չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
- հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
- ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Առողջապահության նախարարություն
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/vo%D5%9Er-snkeric-petkh-e-xusaphel/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել