Ամբողջ աշխարը պատերազմների, աղմուկ-աղաղակի, զվարճանքների, աստղային խմբերի համերգների, նրանց ֆանատների լալահառաչ գոռում-գոչյունի, լասվեգասյան խաղատների հրաշափայլ լույսերի մեջ է, և… հանկարծ՝ Հայաստանը, մեր սարերը, մենք, մեր խոտհունձը, հովիվները, նախրապաններն ու հնձվորները՝ յոնջայով թունավորված եզի փրկության և կոլտնտեսային հոտին խառնված ոչխարների պատմությամբ և «ինքնադատի» տեսարաններով:
Հիմա կարծես Հայաստանը կրկին այդ վիճակում է…
Ամբողջ աշխարհը «եռում է»՝ ահաբեկչություններ, հիբրիդային պատերազմներ, տնտեսական, դիվանագիտական պատժամիջոցներ՝ ԱՄՆ-ի և Ռուսատանի «դուելը, սուսերամարտը», հակամարտության սրացումը, նորանոր սանկցիաները և դրանց տրվող արդեն հայելային պատասխանները, անկանխատեսելի հետագա զարգացումների վտանգները: Բարդ աշխարհաքաղաքական վիճակը Թուրքիայի և Իսրայելի, ողջ արաբական աշխարհի, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը, Արևմուտք-ԵԱՏՄ հակադրությունը և էլի լիքը, շատ բարդ խնդիրները և մեր հանգիստ ու «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի իրավիճակային դրությունը… Կարծես մենք այլ մոլորակի վրա ենք ու մտածելու, մտահոգվելու խնդիր չունենք…
Մեր ծռաշեղվածների կողմից դատավարությունները ձախողելու անմտածված մարտավարությունը, անհասկանալի՝ դեռևս չհասունացած, բայց արագ փչացած ծիրանի «լաչառացած բերքահավաքով» զբաղված քաղաքական գործիչների քաղաքականության ծաղրանկարները, իսկը՝ յոնջայից թունավորված ու կորած մոլորած ոչխարների և նրանց «դատավարության» նման…
Մինչդեռ խնդիրները, մարտահրավերները, վտանգները շատ-շատ են, և համախմբվել ու միասնական գործել է պետք՝ հավասարակշռված, ակտիվ ու ճկուն… Հարկադրական քայլերից զատ՝ նաև տնտեսական ու տարածաշրջանային խելացի քաղաքականություն է պետք և այլևս չպետք է հապաղել, եթե արդեն չենք ուշացել: Եվ երբեք չմոռանալ, որ մենք, մեր լուրջ պրոբլեմներով հանդերձ, գրեթե այդ «խառնարանի» կենտրոնում ենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել