ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է օտարերկրացիներին ծառայության ընդունելը՝ կապված անվտանգության համար պոտենցիալ ռիսկերի հետ։
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ խոսքն այսպես կոչված MAVNI ծրագրի մասին է, որը հնարավորություն է տվել ներգաղթյալներին և ոչ ներգաղթյալներին, ովքեր ունեն անհրաժեշտ մասնագիտություններ, ծառայության անցնել ԱՄՆ զինված ուժերում՝ ամերիկյան քաղաքացիության արագացված տրամադրման դիմաց։
Ծրագիրը սկսել էր գործել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք, 2009 թվականին։ Այդ տարիներին ծառայության է անցել ավելի քան 10 հազար մարդ։
«Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է MAVNI ծրագիրը՝ կապված անվտանգության համար պոտենցիալ ռիսկերի հետ»,-հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փոլ Հավերստիկը։
Պենտագոնի պաշտոնյաները նշել են, որ ծրագիրը մինչ օրս գործում է, սակայն նոր դիմումները ժամանակավորապես չեն ընդունվում։



