Araratnews.am-ը գրում է.
Ամփոփվում են ԴԻՊԵԿՈ IV ծրագրի արդյունքները
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանին:
Հանդիպման նպատակն էր ամփոփել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ECHO) և ՀՀ ԱԻ նախարարության համատեղ աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի արդյունքները:
ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ երեխաների դիմակայունության բարձրացմանն ուղղված հսկայածավալ աշխատանքի և ԱԻ նախարարության ջանքերին աջակցելու համար:
Ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների ուսումնասիրություն՝ ըստ տարբեր վտանգների նկատմամբ խոցելիության, որի համաձայն՝ դպրոցների շենքերի զգալի մասը դեռևս ունի միջին և բարձր սեյսմիկ խոցելիություն: Հետևաբար՝ երեխաների ուսուցման անվտանգ պայմաններ ապահովելու համար դպրոցների անվտանգությունը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից:
Իր խոսքում տիկին Ռադոչայը նշեց, որ երեխաները մեր ապագան են, իսկ ապագայի համար արված ցանկացած ներդրում կարող է շատ ավելի մեծ արդյունք տալ: Նա նաև ընդգծեց քիչ թվով աշակերտներ ունեցող փոքր դպրոցների անվտանգության հարցը, որոնք շատ դեպքերում դուրս են մնում դոնոր կազմակերպությունների ուշադրությունից:
Զրույցի ընթացքում նախարար Տոնոյանը կարևորեց ոչ միայն ուսումնական ծրագրերում ԱՌՆ թեմաների ընդգրկումը, այլև՝ մանկավարժներին որակյալ ուսումնական նյութերով ապահովելն ու երեխաներին նյութի պատշաճ մատուցումը՝ առավել մեծ արդյունք ստանալու համար:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը և լինել հետևողական՝ ԱՌՆ կրթության մշակույթի տարածման ու կիրառման գործում:
***
«Հարավային Կովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ազգային և համայնքային ջանքերի խթանում» տարածաշրջանային ծրագիրը (ԴԻՊԵԿՈ IV) ֆինանսավորովում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ECHO) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից: