Araratnews.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած կրակոցները եղել են գյուղի սգո սրահում, կրակոցների հետևանքով չորս անձ մահացել է, եւս յոթը՝ վիրավորվել: Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը Araratnews.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն հասած տեղեկություններով` սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը եղել է մոտ հիսուն տարեկան տղամարդ ու սգո սրահում հավաքվածներին անծանոթ:

Սպանվածները եւ վիրավորները ազգությամբ եզդի են եղել: Գյուղապետն ասաց, որ ավանդույթ ունեն` յուրաքանչյուր օգոստոսի 1-ին գյուղի սգո սրահում հոգեհանգստի հաց է մատուցվում, որին մասնակցում են գրեթե բոլորը: Կրակոցների ժամանակ սրահում, նախնական տեղեկությունների համաձայն, եղել է 150 հոգի:

Մրազ Բրոյանը հայտնեց, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել իրավապահներ, նրանք հարցաքննում են սրահում գտնվածներին: Նշենք, որ կրակոցներ արձակող անձը Արագածոտնի մարզի Շամիրամ համայնք էր եկել Հոկտեմբերյանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել