ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ակնարկեց, որ Մոսկվան կարող է էլ ավելի ծանր պատժամիջոցներ կիրառել Վաշինգտոնի դեմ, սակայն դեռ չի անում դա։
Ժամեր անց ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ում շատերը համարում են Պուտինի ոչ պաշտոնական մամլո խոսնակը, ում շուրթերով Կրեմլն ասում է այն, ինչ պաշտոնապես բարձրաձայնելը շատ դեպքերում կոռեկտ չէ կամ էլ նախազգուշացնում է, հայտարարել է, որ նա գոհ է Պուտինի ԱՄՆ-ի դեմ կիրառած պատժամիջոցներից՝ միևնույն ժամանակ նշելով, որ ՌԴ-ն պատժամիջոցների ավելի ծանր արսենալ ունի, և դրանք դեռ չեն սպառվել։ Ժիրինովսկին նշել է, որ ամերիկյան «Բոինգ» կորպորացիայի կողմից օգտագործվող տիտանը 100%-ով ռուսական է, և ռուսները կարող են դադարեցնել դրա մատակարարումն ամերիկյան տնտեսական հսկային։ Ըստ Ժիրինովսկու՝ այլ մատակարարողներ չկան։ Ռուսաստանն ԱՄՆ-ին է մատակարարում նաև բնության մեջ շատ հազվադեպ հանդիպող մետաղներ ևս։ Ժիրինովսկին սպառնացել է ամերիկյան տիեզերագնացներին արգելել օգտվել ռուսական արբանյակներից, ինչպես նաև դուրս գալ որոշ զինատեսակների և հրթիռների կրճատման համատեղ պայմանագրերից, որոնք շատ ծանր են ընդունվում Վաշինգտոնում։
Կարելի է ասել, որ այն, ինչ չբարձրաձայնեց Պուտինը Սոլովյովի հետ հարցազրույցում, նրա փոխարեն դա արեց Ժիրինովսկին։ Ժիրինովսկու շուրթերով Մոսկվան նախազգուշացնում է Թրամփին, թե ինչ քայլերի է պատրաստ Կրեմլը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում։ 
Սառը պատերազմի ժամանակները հետ են գալիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել