Մեկ տարի է անցել անցյալ տարի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից, սակայն դեռևս այդ դեպքերի վերաբերյալ ոստիկանությունն անհրաժեշտ պարզաբանում չի տվել։ Դա, հիշեցնենք, այն դեպքերն էին, երբ ակնհայտ բռնություն գործադրվեց ոչ միայն ցուցարարների, այլև թաղամասի բնակիչների ու լրագրողների հանդեպ։ Դեպքին անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պարզապես առաջարկեց մոռանալ տեղի ունեցածը՝ համոզմունք հայտնելով, որ այլևս նման գործընթացներ տեղի չեն ունենա։ Ամփոփելով իրադարձությունները՝ կարող ենք ասել, որ դա մեծ խարան էր Հայաստանի նորանկախ պետության համար, անշուշտ, ոչ ամենամեծը, սակայն իր բնույթով եզակի, քանի որ ոստիկանության բռնությունն ակնհայտ էր այդ օրը։ Կարելի է, իհարկե, ինչ-որ տեղ հասկանալ, որ տեղի ունեցածը նյարդային լարման արդյունք էր, քանի որ մի քանի մետր ներքև տեղի էր ունենում «Սասնա ծռերի» (որոնք ՊՊԾ գունդ էին գրավել) աջակիցների բողոքը։ Այս երկու իրադարձությունները գումարվեցին իրար, ու արդյունքում եղավ այն, ինչ եղավ։
Ինչ հետևություններ է արել ոստիկանությունն այս ամենից, դժվար է ասել, մեծ հաշվով՝ դժվար թե ձեռագրի մեջ մի բան փոխված լինի։ Իհարկե, առաջին բանը, որ պետք է ակնկալել, մթնոլորտի փոփոխությունն էր, որը, ցավոք, տեղի չի ունեցել։ Սարի թաղի դեպքերի առթիվ քաղաքացիական 10 անձ մեղադրվում է ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սակայն մինչ այսօր նրանց չեն ասում՝ կոնկրետ որ արարքի համար են նրանց բանտարկել ու արդեն մեկ տարուց ավելի է՝ պահում են անազատության մեջ։ Սա, ի դեպ, մարդկանց ավելի է տրամադրում ընդվզման, որովհետև մեղադրվել մի բանում, որը չես արել, իհարկե, հաճելի զբաղմունքներից չէ։
Իսկ ինչով է զբաղվում իշխանությունն այս օրերին։ Արտառոց ոչինչ տեղի չի ունենում, մեծ հաշվով՝ այն հանգիստ է, ու թեկուզ մեկ տարի անցել է սարսափելի իրադարձություններից, իշխանությունը, ցավոք, այդպես էլ անհրաժեշտ հետևություն այդ դեպքերից հետո չարեց։ Իսկ կուտակված բողոքը ոչ միայն չի նվազել, այլև հակառակը՝ գնալով ավելի է շատանում։ Այ սրա համար իշխանությունը պետք է լրջորեն անհանգստանա: