Երևի թե կարևորագույն պարգևը, որը մարդը կարող է իր կյանքի ընթացքում ստանալ, Նոբելյան մրցանակն է: Այս մրցանակի դափնեկիրներին մենք համարում ենք բազմակողմանի զարգացած և կրթված մարդիկ, սակայն նրանց մեջ նաև կան այնպիսինները, որոնք կա՛մ հեռացվել են դպրոցից, կա՛մ էլ իրենք են թողել այն:
1. Իոսիֆ Բրոդսկի

Իոսիֆ Բրոդսկին աշխարհում ամենահայտնի բանաստեղծներից է, որը ծնվել է 1940 թ. Լենինգրադ քաղաքում: 15 տարեկանում թողել է միջնակարգ դպրոցը և սկսել է աշխատել: Հենց այդ ընթացքում է նա սկսել լեհերեն ու անգլերեն սովորել, այնուհետև բանաստեղծություններ գրել: Մի որոշ ժամանակ Բրոդսկին անգամ եղել է Աննա Ախմատովայի աշակերտը՝ ուսանելով պոեզիա: 1972 թ. նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ դարձել է Կոլումբիայի համալսարանի, ինչպես նաև Մաունթ-Հոլիոք քոլեջի պրոֆեսոր: 1987 թ. ստացել է գրականության Նոբելյան մրցանակ:
2. Արթուր Հենդերսոն

Ծնվել է 1863 թ. Գլազգոյում, Շոտլանդիա: Հոր մահից հետո փոքրիկ տղայի ընտանիքը թշվառության մատնվեց, ինչն էլ ստիպեց Արթուրին թողնել դպրոցը: Ավելի ուշ նա կրկին վերադարձավ ուսմանը, սակայն ոչ երկար ժամանակով: Գիտելիքներ Արթուրը ստանում էր ձուլարանում և հրատարակվող թերթերից: 1892 թ. Հենդերսոնը սկսեց իր քաղաքական կարիերան, 1929 թ. դարձավ արտաքին գործերի նախարար, իսկ 1934 թ. ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ:
3. Հարրի Մարտինսոն

Ծնվել է 1904 թ. Յամշոգում, Շվեդիա: Նա վաղ տարիքում որբացել է և մեծացել մանկատանը, որտեղից 16 տարեկանում փախել է դեպի ծով՝ վեց տարի շարունակ բանվորություն անելով, այնուհետև նավաստի դառնալով: Հետագայում կյանքի այս փորձի մասին նա շատ է խոսել իր ստեղծագործությունների մեջ: Նա գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ Էյվինդ Յունսոնի հետ համատեղ 1974 թվականին:
4. Ջորջ Բերնարդ Շոու

Դրամատուրգը ծնվել է 1856 թ. Դուբլինում, Իռլանդիա: Բողոքական դպրոցը թողել է 15 տարեկանում և սկսել է աշխատել որպես գործակատար՝ միաժամանակ սկսելով գրել իր առաջին աշխատանքները: Նրա ստեղծագործություններն այն ժամաննակ ոչ ոք չէր գնում, և տասը տարի շարունակ Շոուն ստիպված էր ապրել մոր և քրոջ հետ: Նա գրականության Նոբելյան մրցանակի է առաջադրվել 1925 թվականին, իսկ 13 տարի անց «Օսկարի» մրցանակ է ստացել իր «Պիգմալիոն» պիեսի լավագույն էկրանավորման համար:
5. Ալբերտ Էյնշտեյն

20-րդ դարի հանճարը ծնվել է 1879 թ. Գերմանիայում: Նա միջակ աշակերտ էր, սակայն մեծ հետաքրքրություն ուներ մաթեմատիկայի և բնական գիտությունների նկատմամբ: 15 տարեկանում թողել է դպրոցն ու քաոտիկ, խառը կրթություն ստացել տարբեր ուսումնական հաստատություններում: Բեռը տեղափոխվելուց հետո Էյնշտեյնը արտոնագրային բյուրոյում աշխատանք ստացավ, իսկ ազատ ժամանակը սկսեց անցկացնել հետազոտություններ կատարելով: Նա ֆիզիկայի Նոբելյան մրցանակի է արժանացել 1921 թվականին:



