ԱՄՆ հուսով է, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը համաշխարհային գլխավոր հարցերում կշարունակվի, և այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցներն այլևս անհրաժեշտ չեն լինի: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Կոնգրեսում պատժամիջոցների օրինագծի վերաբերյալ գրեթե միաձայն քվեարկությունը ցույց է տալիս ամերիկացիների ցանկությունը տեսնելու, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացման ուղղոթյամբ: Մենք հուսով ենք, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը համաշխարհային գլխավոր հարցերում կշարունակվի, և սահմանված պատժամիջոցներն այլևս անհրաժեշտ չեն լինի»,- ասվում է Թիլերսոնի հայտարարության մեջ:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը «սերտորեն կաշխատի» իր «բարեկամների և գործընկերների» հետ՝ ապահովելու համար, որ իր «ազդանշանը Ռուսաստանին, Իրանին և Հյուսիսային Կորեային հստակ հասկացվել է»:

Հինգշաբթի ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսայիան Կորեայի դեմ պատժամիջոցների դեմ օրենքը: Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փաստաթուղթն ընդունել է ձայների ճնշող մեծամասնությամբ (419-3): Ուրբաթ Սպիտակ տանը հայտնել են, որ Թրամփը կստորագրի այդ օրինագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել