Tert.am-ը գրում է.
 Զարմանալի չէ, որ «Ելք» կուսակցությունների դաշինքը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկ է հնչեցրել Հայաստանի իշխանություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ նշելով, որ «Ելք»-ը դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ հանդես էր գալիս որպես արևմտամետ ուժ:
 Մ. Կոլերովը, միաժամանակ նշեց, որ  «Ելք»-ի ձայնը հազիվ թե լսելի լինի, որովհետև խորհրդարանում այս ուժը փոքր խմբակցությամբ է ներկայացված, միայնակ է՝ չունի կոալիցիոն գործընկերներ:

Քաղաքական վերլուծաբանը շեշտեց, որ Հայաստանն ունի ապագայի երկու տեսլական. առաջինը՝ լինել Եվրասիական տնտեսական միության կամ Եվրոպական միության կազմում, երկրորդը՝ չլինել ինտեգրացիոն որևէ կառույցի անդամ:

«Հայաստանի հարևաններից Եվրոպական միության անդամակցության ճանապարհով է գնում Վրաստանը և Թուրքիան: Հայաստանը ուզո՞ւմ է մի կառույցի անդամ լինել, որի անդամ կարող է դառնալ Թուրքիա՞ն, թե ուզում է մնալ ինքնիշխան պետություն: Եվրամիության անդամակցել, նշանակում է անդամակցել տարածքով: «Ելք»-ը պիտի այդ առաջարկությունը կատարելիս հարց բարձրացնի՝ հրաժարվելով Հայաստանից և ընտելով Եվրամիության ճանապարհը, Հայաստանը պատրա՞ստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ: Եվրոպական ինտեգրացիան նշանակում է Թուրքիայի հետ բաց սահմաններ»,- նշեց Մոդեստ Կոլերովը:

Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանի ապագայի երկրորդ տեսլականը սուվերենությունը պահելն ու Եվրասիական տնտեսական միության կազմում լինելն է: Դիտարկմանը, թե Հայաստանում կարծում են, որ հենց ԵԱՏՄ-ում է ՀՀ-ն կորցնում իր ինքնիշխանությունը, Կոլերովը չհամաձայնեց՝ նշելով. «ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որը Հայաստանը չստորագրեց, նպատակ ուներ հանձնել երկրի ինքնիշխանությունը Եվրամիությանը: Ովքեր հակառակն են պնդում՝ կամ խաբեբա են կամ հիմար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել