Ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում համեմատաբար հանդարտ մթնոլորտ է։ Այս պահին չկան գործողություններ, և ընդհանուր զարգացումներին հետևելով՝ կարելի է ենթադրել, որ առնվազն մինչև աշուն չեն լինի կտրուկ իրադարձություններ։ Սա ասում ենք՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս պահին ընդդիմության կողմից չի բարձրացվում այնպիսի խնդիր, որի շուրջ տեղի ունենա հանրային մոբիլիզացիա։
Սա պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Ամեն տարի այս շրջանում քաղաքական դաշտը համեմատաբար ավելի հանգիստ է։ Ճիշտ է, լինում են ֆորսմաժորային իրավիճակներ, ինչպիսին, օրինակ, Էլեկտրիկ Երևանը կամ ՊՊԾ գնդի հուլիսյան դեպքերն էին, սակայն այս ժամանակահատվածում ուժերը սովորաբար քաղաքական «թայմ աուտ» են վերցնում։
Մյուս պատճառն ավելի խորքային է։ Այս տարվա խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններց հետո մենք ականատես եղանք ընդդիմադիր դաշտի պառակտման։ Այս պահին դաշտում չկա քաղաքական երկխոսություն, որից կարող է նոր օրակարգ ձևավորվել։ Ավելին՝ օրեցօր խորանում է «Երկիր ծիրանիի» ու «Ելք» դաշինքի, ինչպես նաև «Սասնա ծռերի» ու «Ելք» դաշինքի «փոխհրաձգությունը»։ Դատելով վերջին շրջանի զարգացումներից՝ կարող ենք փաստել, որ ընդդիմադիր ուժերի մոբիլիզացիան այս պահին ուտոպիստական հարթության վրա է։
Ընդդիմության պասիվությունն ու օրակարգի բացակայությունը խնդրահարույց է նաև իշխանությունների համար։ Վերջիներս քաջ գիտակցում են, որ նման իրավիճակը կարող է մեծացնել քաղաքական դաշտում վակուում առաջանալու ռիսկերը։ Դժվար է ասել՝ կկարողանա ընդդիմությունը վերամիավորել ուժերը, թե ոչ, սակայն փաստը մնում է փաստ, որ իրավիճակի փոփոխությունն ու նոր ասելիքով հանդես գալն այլընտրանք չունի։