Նախօրեին Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին, որոնց տակ կարող է հայտնվել ցանկացած երկրի ներդրող, որը կմասնակցի ռուսական գազն արտահանող խողովակաշարերի կառուցմանը: Օրինագծի՝ Ուկրաինայի անվտանգությանը վերաբերող բաժնում, մասնավորապես, հստակ նշվում է, որ անհրաժեշտ է հակազդել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությանը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան: Ըստ Forbes-ի, եթե այս ծրագիրը իրականություն դառնա, Ուկրաինայի բյուջեի եկամուտները կնվազեն շուրջ 10 տոկոսով: Սա լրջագույն խնդիր կարող է առաջացնել Եվրոպայի ու Ամերիկայի միջև, որովհետև Եվրոպան պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներին, սակայն կա մի շատ կարևոր գործոն, որից այն կողմ անցնել չեն կարող։ Դա պարզապես սեփական շահն է։ Հիմա եթե Բալթիկ ծովը շրջանցող գազատարն ավելի ձեռնտու է Արևմուտքին, ապա ինչո՞ւ պիտի նրանք չհամաձայնվեն այդ ծրագրին։ Հակափաստարկներն էլ կարծես թե քիչ չեն։
Բացի տնտեսական ու ֆինանսական սանկցիաներից՝ Ռուսաստանին սկսել են մեկուսացնել նաև աշխարհաքաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորությունից, հետևաբար, ի՞նչ կարիք կա մինչև վերջ փորձելու հարաբերություն փչացնել նրանց հետ այն պարագայում, որ ուկրաինական ճգնաժամը միգուցե մոտակա տարիներին կարգավորվի։ Կամ թեկուզ չկարգավորվի հիմա, պարզ է, որ ուշ թե շուտ այդ խնդիրը կարգավորվելու է, իսկ քաղաքական տարաձայնությունները, որոնք միգուցե իշխանությունների մակարդակով հնարավոր է կազմակերպել արագ, հասարակությունների մասով դժվար գործընթաց է։ Մնում է ականատես լինենք, թե ինչպես են այս հարցը իրար մեջ լուծելու ԱՄՆ-ն ու Արևմուտքը, եթե հաշվի առնենք, որ նրանց միջև էլ ակնհայտ հակասություններ կան: