Շատ հաճախ որոշ պաշտոնյաներ պետական աթոռն ասոցացնում են «Нарушиловка» -ի հետ։ Մի քանի պաշտոնատար անձանց, մեղմ ասած, սանձարձակ վարքը ստվերում է ամբողջ պետական ապարատի աշխատակիցներին։
Երեկ առավոտյան Սևան քաղաքում տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Վալտեր Մարությանն իր թիկնազորի հետ միասին ծեծի է ենթարկվել 22-ամյա քաղաքացու: Պատճառը եղել է տղայի ու Վալտեր Մարությանի կնոջ ավտոմեքենաների թեթև բախումը։ Այնպիսի բեսպրեդելի մթնոլորտ է, որ մեքենաների թեթև հպման համար օրը ցերեկով նախկին փոխնախարարը մարդկանց է դաժան ծեծի ենթարկում։ Սրանց մեկ-մեկ թվում է, թե 1980-ականների Կոլումբիայում են ապրում, իրենք էլ դոն Գուչոն են, թիկնազորով մարդ են ծեծում։
Ընդհանրապես, նման հղփացած չինովնիկներին պետք է ոչ միայն հեռու պահել պետական պաշտոններից, այլ նաև՝ իզոլացնել հասարակությունից։ Ինչպես տեսնում ենք, պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին գռփած փողերը սրանց դարձրել են հասարակության համար իսկական վտանգ։ Նորություն չեն, իհարկե, նման դեպքերը, սակայն այս պատմության ամենազիլ պահն այն է, որ Մարությանները փողից հաբռգել են ընտանյոք հանդերձ։
Բանն այն է, որ մինչ սիրելի ամուսնյակը ծեծի էր ենթարկում 22-ամյա երիտասարդին, կինը ներկով տղայի մեքենայի վրա հայհոյանք է գրել։ Այս չնաշխարհիկ զույգը երևի ոգեշնչվել է գանգստերներ Բոնիի և Քլայդի հայտնի պատմությունից, սակայն հարկավոր է հիշեցնել, որ սա Հայաստանն է, իսկ մենք էլ վաղուց հատել ենք 21-րդ դարի շեմը։ Զգուշացեք, հարգելիներս, Մարությանենց ընտանիքը մարտաֆիլմեր է նայում։ Նման պատմություններ լսելուց հետո հասկանում ես, որ հասունացել է սրանց նմանների «գլուխները խուզելու» ժամանակը։