Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում. ամրապնդվում են «Ալ-Կաիդայի» դիրքերը

Սիրիայից ստացվող վերջին տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի՝ հակակառավարական խմբավորումների կողմից ամբողջապես վերահսկվող միակ նահանգում՝ Իդլիբում, բավական վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. շրջանում բացարձակ առավելություն է հաստատել «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղավորման՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ, նախկինում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա») գլխավորած տարաբնույթ խմբավորումների դաշինքը: Բանն այն է, որ հատկապես Հալեպի կորստից հետո՝ վերջին կես տարվա ընթացքում, Իդլիբը վերածվել էր հակակառավարական առանցքային տարաբնույթ խմբավորումների կարևորագույն որջի, որտեղ վերջնական դոմինանտության հասնելու համար արյունալի մարտերը չէին դադարում: Հիմնական պայքարն ընթանում էր ՀԹՇ-ի և սիրիական «չափավոր» ընդդիմադիր ամենաազդեցիկ կառույցներից մեկը հանդիսացող «Ահրար ալ-Շամ»(ԱՇ) խմբավորման գլխավորած դաշինքների միջև. ռազմական գործողություններն ընթանում էին փոփոխական հաջողություններով, շատ կարճատև հրադադարներով՝ պայմանական ազդեցության գոտիների բաժանման եղանակով:

Եվ ահա, ամենաթարմ տեղեկատվության համաձայն՝ ՀԹՇ-ն ջախջախիչ պարտության է մատնել ԱՇ-ին. ըստ սոցցանցերում շրջանառվող լուրերի՝ վերջինի շուրջ 13 հազար զինյալներ անցել են հակառակորդի շարքերը: Անշուշտ, հնարավոր է՝ նշված թիվն ուռճացված է, սակայն եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա խոսքը գնում է ԱՇ-ի զինյալների ամբողջ թվի մոտ կեսի մասին: Մյուս կողմից՝ չափազանց կարևոր է փաստի նշանակությունը, քանի որ, ըստ էության, Իդլիբն ամբողջությամբ անցել է «ջիհադականների» վերահսկողության ներքո: 
ՀԹՇ-ի հաջողության մի քանի պատճառ է նշվում. նախ՝ խմբավորման զինյալների առավելությունը մարտունակության և ռազմատեխնիկայի առումով, ապա նաև այն, որ հակառակորդ դաշինքին հարող հիմնական խմբավորումները լոկալ բնույթի էին՝ ոչ ունակ արժանի դիմադություն ցուցաբերելու:

Իդլիբում ստեղծված իրավիճակը որոշակիորեն բացասական ազդեցություն է ունենալու ինչպես ներսիրիական զարգացումների, այնպես էլ՝ նաև սիրիական հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացի վրա: Նախ՝ ՀԹՇ-ն սիրիական հակամարտության ամենամարտունակ և անկանխատեսելի դերակատարներից է, և չեն բացառվում խմբավորման հետագա առաջխաղացման հնարավորությունները դեպի հարևան նահանգներ՝ հիմնականում Հալեպ և Լաթակիա: Մյուս կողմից՝ բացի Իդլիբից՝ Սիրիայի մյուս հատվածներում «չափավոր» ընդդիմադիր խմբավորումների կողմից վերահսկվող շրջաններն աշխարհագրական և ռազմավարական կարևորության տեսանկյունից խիստ աննշան են, ազդեցության գոտիները՝ հատվածային: Հաջորդ կարևոր իրողությունն այն է, որ ԱՇ-ն ամենաազդեցիկ ընդդիմադիր խմբավորումներից էր իր ներուժով և զբաղեցրած դիրքերով, որի քաղաքական թևը պարբերաբար մասնակցում էր սիրիական հիմնախնդրի կարգավորմանը նվիրված տարաբնույթ քաղաքական ձևաչափերին: Ստեղծված իրավիճակը լուրջ բարդությունների առաջ է կանգնեցնում նաև «չափավոր» ընդդիմության արտաքին հովանավորներին, քանի որ սահմանափակվում է մի կողմից Սիրիայի ներսում տարաբնույթ խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, մյուս կողմից՝ քաղաքական կարգավորման գործընթացի շրջանակներում վարչակարգի հետ բանակցություններում համարժեքորեն սակարկության հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել