«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Համացանցում բռնկված «մամուլի քարտուղարներ- լրագրողներ» բանավեճը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Մեծ հարգանք ունեմ երկու կողմերի նկատմամբ և կարծում եմ՝ երկուսն էլ ունեն իրենց փաստարկները: Այնուամենայնիվ, «շատ հին ժամանակների» մամուլի քարտուղար լինելով, ինձ թույլ կտամ մի փոքր հուշել գործընկերներիս, «դու հոդվածներ ես գրում իմ, իմ շեֆի կամ իմ գերատեսչության դեմ, և այդ պատճառով ես քո նկատմամբ պատժամիջոցներ եմ կիրառում» մոտեցումն, ինձ թվում է, սխալ է:
Պետական ծառայողը պետք է դուրս մնա նման էմոցիաներից և իր ծառայությունները մատուցի բոլոր շահառուներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից և այդ շահառուների՝ տվյալ գերատեսչության ու նրա ղեկավարի հանդեպ վերաբերմունքից:
Ի՞նչ իրավունք ունեմ ես այդ ամենն ասելու: Մի՞թե ես իմ պետական ծառայության ժամանակ և դրանից հետո թույլ չեմ տվել սխալներ: Իհարկե, բազմիցս սխալվել եմ և գուցե ավելի լուրջ, քան իմ երիտասարդ գործընկերները: Ասել, որ ես երբեք չեմ բռնկվում և միշտ ադեկվատ եմ արձագանքում իմ հասցեին հնչած խայթոցներին կամ, առավել ևս, հայհոյանքներին՝ ցավոք սրտի, չեմ կարող: Ոչ մեկս կատարյալ չի:
Չնայած վերջերս ձևը գտել եմ: Քանի որ այդ անձնական հարձակումները հիմնականում ֆեյսբուքով են, դրանից խուսափելու տեխնիկական հնարավորությունը կա: Ենթադրենք, մեկն իր գրառման տակ իմ անունն է նշում (tag է անում), որպեսզի ես կարդամ նաև տակը գրած «քլնգող» մեկնաբանությունները: Շատ հեշտ է այդ գրառումից քեզ untag անելը՝ սեղմելով remove tag-ը, իսկ բոլոր մնացած դեպքերում սեղմել turn off notifications և վերջ՝ քեզ փնովելու միջոցով ինքնահաստատվողները թող որքան ուզում են և ինչ ուզում են գրեն: («Չեք ուզում, հա՞, Ձեզ քննադատող մեկնաբանությունները կարդալ» կանխատեսելի ռեակցիային պատասխանեմ՝ տեքստեր կարդալու բավականաչափ փորձ ունեմ «քննադատող մեկնաբանությունները» անձնական վիրավորանքներից տարբերելու համար): Բայց կրկնեմ՝ այս հոգեվիճակին հասնելու համար տարիներ են պետք, և հիմա նորից կրկնեմ՝ եթե որևէ խայթոցին սուր եմ արձագանքել, ապա ներողություն եմ խնդրում ու, իհարկե, ամբողջ սրտով ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վիրավորել են:
Սակայն իմ պարագան փոքր-ինչ ուրիշ է. ես արդեն 23 տարի է՝ պետական ծառայող չեմ՝ ինչպես եմ արձագանքում, կարդում եմ, թե չեմ կարդում՝ դա, ի վերջո, իմ անձնական գործն է: Ուրիշ հարց, եթե ես ներկայացնեի պետական գերատեսչություն, որը գոյություն ունի հարկատուների հաշվին, և որին մենք՝ հարկատուներս, հանձնարարել ենք կատարել այս կամ այն գործառույթները: Ոչ այդ գերատեսչությունն է Աստծո տաճար, ոչ դրանց ղեկավարներն են օժտված ինչ-որ աստվածային շնորհներով, ոչ էլ այդ ղեկավարների խոսնակներն են վերջին ճշմարտությունների մունետիկները: Պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցները մեր համաքաղաքացիներն են, որոնք ժամանակավորապես կատարում են մեր՝ հարկատուների կողմից սահմանված պարտականությունները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել