Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի նպատակն է պաշտպանել հանցագործության մասին հաղորդում տվող անձանց հնարավոր բարդություններից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: 

«Մասնավորապես, բազմաթիվ են այն դեպքերը, երբ առանց հանցագործության վերաբերյալ հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքելու կամ հաստատելու, հաղորդում տված անձի նկատմամբ հարուցվում է սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ: Այսինքն, անձը հաղորդում ներկայացնելիս ի սկզբանե հայտնվում է սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում, այն դեպքում երբ դեռևս հստակ չէ այն քրեական գործի ճակատագիրը, որի մասին այդ անձը հայտնել է:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անձի նկատմամբ սուտ մատնության դեպքով քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ և հիմնավորված կերպով հերքել է հաղորդման մեջ նշված հանցագործության փաստական հանգամանքները, ինչը կբացառի այն մտավախությանը, որ հանցագործության հաղորդում տված անձը կարող է հեշտությամբ հայտնվել սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում: Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ հարցը բաց է քննարկման համար, և ակնկալում եմ բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկությունները»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել