(Փոքրիկ էսսե քաղաքական թեմաներով)
Մի մարդ երազ էր տեսնում: Իբր XYZ-ը երկու որոշում է ընդունել և երկու ծրարի մեջ հանձնել նրան՝ ի կատարումն: Ծրարների վրա գրված էր՝ ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ, ամեն ծրարի չորս անկյունները և մեջտեղը զմռսած էին: Մարդը շոյեց ծրարները, որոնց բովանդակությունը գիտեր, և դրեց սեղանին: Հետո կապեց փամփշտակալը, վերցրեց «Մոսին» հրացանը և ուզում էր դուրս գալ…
Դուռը բացվեց և ներս մտան երեք տղամարդ – սև կոստյումներով, սև փողկապներով, սև սրածայր կոշիկներով: Հարկահավաք ու մաքսավոր էին: Մարդու ձեռքերը թուլացան, «Մոսինը» սահեց ձեռքից, փամփշտակալը սեղմեց կուրծքը: Մինչև ուզեց մի ժպիտ հաներ դեմքին, որպիսությունը հարցներ՝ նրանցից մեկը թափ առավ ու սև կոշիկի սև ծայրով զարկեց ամենացավոտ տեղին:
Արթնացավ սառը քրտինքի մեջ: Ձեռքը տարավ մահճակալի վրա կախված գրադարակին ու վերցրեց մի ցուցակ, որ հարյուր անգամ բացել էր: «Չէ՜, մենք արդեն էս ցուցակի մեջ չենք…»: Եվ հիշեց երազի մի ծրարը: Հետո վերցրեց բջջայինը և սեղմեց այն կոճակը, որ սրբազան էր… «Լսում եմ», - մռլտաց ձայնը: «Մենք մասնակցելու ենք», - դողացող ձայնով ասաց մարդը: «Լավ», - մռլտաց ձայնը: Մարդը հիշեց երազի մյուս ծրարը:
Մարդը հագավ իր ամենախիստ կոստյումը, կրծքին կախեց ցուցանակը՝ վրան գրված «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» և դուրս եկավ տնից:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/4138112471642
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել