Առանց վիզայի եվրոպական երկրներ մեկնած 55 հազար Վրաստանի քաղաքացիներից 3 հազար հոգի հետ չի վերադարձել 90-օրյա ժամկետում
Ս.թ. մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան մեկնելու ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի: Վերջին տվյալներով՝ մինչ օրս նշված հնարավորությունից օգտվել են Վրաստանի շուրջ 55 հազար քաղաքացիներ (այդ թվաքանակի մեջ չի մտնում ցամաքային կամ ծովային ճանապարհով նշված երկրներ մուտք գործած քաղաքացիների թիվը), որոնցից շուրջ 3 հազարը չեն վերադարձել Վրաստան, նույնիսկ սահմանված 90-օրյա ժամկետը լրանալուց հետո: Դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ վերջինները խախտել են ԵՄ տարածքում գտնվելու ժամկետը, քանի որ, հնարավոր է՝ այս կամ այն պատճառով նրանց հնարավորություն է տրվել տեղում որոշակի ժամանակով շարունակել կեցությունը, կամ նրանց մի մասն այլ երկիր է մուտք գործել և դեռ շրջագայում է: Այդուհանդերձ, վերոնշյալ իրողությունը հետագայում ևս պահպանվելու պարագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Վրաստանի համար, և ազատ վիզային ռեժիմը կարող է և դադարեցվել:
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ նշված ժամականահատվածում Վրաստանի շուրջ 160 քաղաքացիների թույլ չի տրվել մուտք գործել ԵՄ տարածք: Ընդ որում՝ Վրաստանի սահմանային անցակետում զգուշացվելուց հետո ուղևորները շարունակել են ուղևորությունը, սակայն օտարերկրյա սահմանապահների կողմից հետ են ուղարկվել: