«Պետեկամուտների կոմիտեն փոփոխություններ է նախաձեռնել կարգոների գործունեության ոլորտում՝ նպատակ ունենալով կարգավորել դաշտը: Դա, բնականաբար, կարգոների հավանությանը չի արժանացել: Այստեղ լուրջ գումարներ են պտտվում, որից նրանք զրկվելու են:
Ի դեպ, կարգոների հետ կապված խնդիրը միայն ֆինանսական չէ: Այն անմիջականորեն առնչվում է ապրանքաշրջանառության փաստաթղթավորմանը: Կարգոները նպաստում են ստվերային շրջանառությունների ձևավորմանը՝ դա իրականացնելով տարբեր եղանակներով:
Եթե կարգոների դեպքում ամեն ինչ պարզ է, ապա առաջին հայացքից անհասկանալի են թվում այն անհանգստությունները, որ առաջացել են այդ կառույցների ծառայություններից օգտվողների շրջանում: Խոսքը, մասնավորապես, առևտրով զբաղվող փոքր և միջին տնտեսավարողների մասին է, որոնք կարգոների միջոցով մի շարք երկրներից՝ մասնավորապես Թուրքիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ էմիրություններից Հայաստան են ներմուծում մեծ քանակությամբ ապրանքներ:
Չնայած կարգոներից դժգոհություն միշտ էլ եղել է, այնուհանդերձ առևտրականներին բոլորովին էլ չի ոգևորում պետեկամուտների կոմիտեի նախաձեռնությունը: Դրանց ծառայություններից օգտվելն, անշուշտ, լրացուցիչ ֆինանսական բեռ է: Սակայն առևտրականները կողմ են, որ կարգոները պահպանվեն: Ո՞րն է պատճառը: Կարգոների գործունեության հետ կապված խնդիրը նոր չէ. միշտ էլ եղել է:
Պատահական չէ, որ պետեկամուտների կոմիտեի յուրաքանչյուր նոր ղեկավար, տարբեր հիմնավորումներով փորձել է այն պահել իր վերահսկողության տակ: Իսկ թե դրանից որքանո՞վ է շահել պետական գանձարանը, այլ հարց է: Այժմ հերթը Վարդան Հարությունյանինն է: Նա ընտրել է արմատական մոտեցում:
Ի տարբերություն նախկին փորձերի՝ պետեկամուտների կոմիտեն մտադիր է կարգոներից խլել իրենց հիմնական գործառույթներից մեկը: Խոսքը մաքսազերծման հետ կապված ծառայության մատուցման մասին է:
Ինչպես հայտնի է, ձեռք բերված ապրանքը այլ երկրում հանձնելով կարգոներին և վճարելով նրանց՝ առևտրականները մաքսազերծված վիճակում այն ստանում են Հայաստանում: Այլ կերպ ասած, դրանք ստանձնում են ապրանքը տեղափոխելու և մաքսազերծելու գործը: Ըստ այդմ, առևտրականներն այլևս որևէ առնչություն չեն ունենում մաքսային մարմինների հետ: Այդ ամբողջ գործընթացը կազմակերպում են կարգոները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: